ԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով 234 միջոցառում, որոնց կատարման համար ծախսվել է 285.65 միլիարդ դրամ:
Նախարարը նշել է, որ 2017-2018 թվականների տվյալների համեմատ, երբ ոլորտային ծախսերը չէին գերազանցում 150 միլիարդ դրամը, 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է շուրջ 362 միլիարդ դրամի, իսկ 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 420 միլիարդ դրամի հատկացում։ Ոլորտային ֆինանսավորումը 2025 թվականի բյուջեում ավելի քան կրկնապատկվել է, իսկ 2026 թվականի կանխատեսմամբ՝ գրեթե եռապատկվելու է։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ զգալի աճ է գրանցվել կապիտալ ծախսերի ուղղությամբ։ Եթե 2017 թվականին դրանք կազմել են ընդամենը 1 միլիարդ դրամ, ապա 2024 թվականին կապիտալ աշխատանքների հատկացումները հասել են շուրջ 107 միլիարդ դրամի։
Նախարարը շեշտել է, որ կապիտալ ներդրումները չեն սահմանափակվել միայն դպրոցաշինությամբ, որտեղ աշխատանքների ծավալային աճը շեշտակի է։ Մասնավորապես՝ հուշարձանների պահպանության ոլորտում 2018 թվականի համեմատ հատկացումներն աճել են ավելի քան ութ անգամ։ Սպորտի և գիտության ոլորտներում, որոնցում նախկինում չեն իրականացվել նմանատիպ ինստիտուցիոնալ ներդրումներ, այժմ կապիտալ ծախսերի հատկացումները զգալի են։ Օրինակ՝ Երևանի պետական համալսարանում պետության կողմից կատարվել է շուրջ 3 միլիարդ դրամի, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ 1.1 միլիարդ դրամի կապիտալ ներդրում։ Ըստ նախարարի՝ պետական ներդրումները նպաստել են գիտական մրցունակության զգալի բարձրացմանը։ Սպորտի ոլորտում նույնպես նոր ենթակառուցվածքների ստեղծման, մարզային կառույցների կառուցման և վերանորագման նպատակով ծավալուն աշխատանքներ են ընթանում։
Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ոլորտում իրականացվող աշխատանքների ծավալների աճին զուգահեռ՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը կրճատվել է 28 տոկոսով, ինչը խոսում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման մասին։
Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ նախարարը նշել է՝ 2024 թվականին պետական բյուջեի հատկացումների գերակշիռ մասն ուղղվել է կրթության ոլորտին՝ կազմելով նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների շուրջ 65%-ը։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդությունը ոչ միայն պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններ են, այլև հանրային կյանքի կազմակերպման և զարգացման շարժիչ ուժեր: Նրա խոսքով՝ այս ոլորտներում ֆինանսական միջոցները ներդրում են, ոչ թե ծախս, եթե արված են ճիշտ նպատակով, անհրաժեշտ թափանցիկությամբ և տրամաբանությամբ:
Պետական բյուջեի հատկացումների գերակշիռ մասն ուղղվել է կրթության ոլորտին
Պետական բյուջեի հատկացումների գերակշիռ մասն ուղղվել է կրթության ոլորտին՝ կազմելով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների շուրջ 65 %-ը:
«Թերևս ամենահաճախ տրվող հարցը՝ ինչո՞ւ սովորել. այս հարցի պատասխանն ամփոփում է կրթության հիմնական գաղափարախոսական ուղերձը, որը հստակ ձևակերպել է ՀՀ կառավարությունը՝ լավ սովորեք, որ լավ ապրեք: Իսկ ի՞նչ ենք անում դրա համար»,- այս մասին ԱԺ հերթական նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ներդրվել են ուսուցիչների մոտիվացիայի նոր համակարգեր
2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներդրվել են ուսուցիչների մոտիվացիայի նոր համակարգեր:
Նրա խոսքով՝ 2017 թվականին ուսուցիչների հավելյալ վարձատրության ծրագրերից գործում էր միայն տարակարգի մեխանիզմը, որից շուրջ 10 տարում օգտվել էր միայն ուսուցիչների շուրջ 6 տոկոսը. ընդ որում՝ նրանց 90 տոկոսից ավելին ստանում էր ընդամենը 10 տոկոս հավելավճար: Ներկայում տարակարգի մեխանիզմն ամբողջությամբ վերանայվել է, որը հնարավորություն է տվել ծրագրի շահառու դառնալ ավելի մեծ թվով ուսուցիչների:
Մշակութային և սպորտային ծրագրեր՝ դպրոցականների համար
ԱԺ հերթական նիստում ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի կատարողականը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև դպրոցականների մշակութային և սպորտային կրթության հնարավորությունների ու երիտասարդների ներգրավվածության ընդլայնմանը՝ ամենատարբեր ուղղություններով:
Նախարարը տեղեկացրել է՝ մշակութային կրթության տարվա շրջանակում դպրոցական բաժանորդային ծրագրով թատերահամերգային հաստատություններ են հաճախել շուրջ 300 հազար երեխաներ՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 30 տոկոսով ավելի: Իրականացվել են կրթամշակութային տարբեր ծրագրեր ՝ ավելի քան 30 հազար մասնակիցներով: ԿԳՄՍՆ ուշադրության թիրախում են նաև ներառականության ապահովման ծրագրերը, որոնք ավելի քան 1800 շահառուներ են ունեցել՝ դարձյալ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 30 տոկոսով:
«Առաջին անգամ անցկացրել ենք հեղինակային երգի փառատոն, որն ամփոփվել է Ջերմուկում և կրում է ամենամյա բնույթ: Դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար սահմանված են դրամական պարգևներ, խրախուսվում է երեխաների ստեղծագործականությունը: Երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով, որը լավ սովորելու կարևոր բաղադրիչներից է, իրականացվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ նախորդ տարի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերից երկուսը՝ հեծանվավազք և սեղանի թենիս մարզաձևերից, անցկացվում է բացառապես դպրոցականների համար՝ ճամբարային ձևաչափով: Սեղանի թենիսի մրցաշարին մասնակցել են 574, թիմային խճուղավազքի մրցաշարին՝ 362, հեծանվավազքին՝ 705 դպրոցներ: Դպրոցներին 6500 հեծանիվներ են բաժանվել՝ մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու և մասնակցելու համար: Այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարը, որի համայնքային փուլերին մասնակցել է ավելի քան 8,700 դպրոցական: Սա ցույց է տալիս՝ սպորտի զարգացման և երեխաներին՝ սպորտում ընդգրկելու մեր քաղաքականությունն ակտիվորեն զարգանում է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Լողի անվճար պարապմունքներ՝ դպրոցականների համար
Նրա խոսքով՝ նախորդ տարի մեկնարկել է մեկ այլ կարևոր ծրագիր, որով ֆինանսավորվում են դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքները մասնավոր լողավազաններում: Նախորդ տարի ծրագիրը մեկնարկել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, իսկ այս տարվա ապրիլից Մեծամորում և Վանաձորում ավելի քան 130 երեխա լողի է հաճախում պետությաան ֆինանսավորմամբ: Սեպտեմբերից նրանց կմիանան ևս 130 երեխաներ Հրազդանում և Իջևանում:
Անցկացվում են նաև Ուսանողական մարզական խաղեր. միաժամանակ, ներկայում քննարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով այս ուղղղությամբ առանձին կարգավորումներ են նախատեսվում:
Կազմակերպվել է համադպրոցական գիտության փառատոն և գիտության շաբաթ
«Երեխաների շրջանում գիտական հետազոտության հեռանկարը խրախուսելու նպատակով ձևավորվել են մի շարք հարթակներ՝ համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի, մասնավոր ոլորտի և գիտական համայնքի հետ: Մասնավորապես՝ արդեն 4-րդ անգամ կազմակերպվել է Համադպրոցական գիտության փառատոնը, անցկացվում է Գիտության շաբաթը, որի բացօթյա միջոցառումներին շուրջ 20 հազար դպրոցականներ են մասնակցել:
Երիտասարդական կենտրոններ են հիմնվել
Ակտիվորեն շարունակում ենք երիտասարդական կենտրոններ ձևավորել մարզերում: Նախորդ տարվա դրամաշնորհները ստացվել են Ախուրյանում, Ծովագյուղում, Արարատում և Կապանում երիտասարդական կենտրոնների ձևավորման նպատակով: Արդեն իսկ ունեինք գործող 5 կենտրոններ, որտեղ ավելի քան 8700 երիտասարդ է այցելել՝ ֆինանսական և մեդիագրագիտության, ինտելեկտուալ ժամանցի, շփման և այլ կարևոր նպատակներով»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Ընդունելության աճ և դասավանդողների ատեստավորում ՄԿՈՒ համակարգում
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև մասնագիտական կրթության հասանելիության ընդլայմանը՝ երեխաների համար դպրոցից հետո մասնագիտություն ստանալու և իրենց մասնագիտությամբ արժանապատիվ աշխատելու և ապրելու հնարավորություն ընձեռելով: Նրա խոսքով՝ 2024թ. մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններ է ընդունվել 15 058 ուսանող՝ 2023թ. նկատմամբ գրանցելով ընդունելության 11.4% աճ։ Նախարարը նաև անդրադարձել է առաջնահերթ մասնագիտություններով սովորող ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային ծրագրին, որն էական ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների բարելավման վրա:
Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին անգամ կազմակերպված ՄԿՈՒ հաստատություններում դասավանդող մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման գործընթացին, որն իրականացվել է 4 ուղղություններով՝ ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն: Ատեստավորման արդյունքում 276 մանկավարժ կամ մասնակիցների 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և ունեցել դրույքաչափի բարձրացում 200 000 դրամի չափով, ինչը 2-3 անգամ բարձր է գործող դրույքաչափից, իսկ 70%-ից բարձր արդյունքներ գրանցած 224 մանկավարժ (նվազագույն շեմը հաղթահարածների 81%-ը) ստացել է նաև 30%, 40%, 50% հավելավճար:
Բարձր կրթաթոշակ ԲՏՃՄ և ագրարային ուղղությունների համար
Բարձրագույն կրթության ոլորտում նույնպես շարունակվել է պետության կողմից ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագիրը՝ ամսական 70 000 ՀՀ դրամ կրթաթոշակի միջոցով։ Նշված ուղղությամբ 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից շուրջ 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը 2024 թվականից տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտում գերակա համարվող մասնագիտություններով բուհ է ընդունվել 220 ուսանող:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավագ դպրոցի շրջանավարտների կեսից ավելին՝ 52.3%-ը, միասնական և ներբուհական ընդունելության կարգերով բուհեր են ընդունվել, ընդ որում՝ նրանց 61 %-ը՝ հենց ԲՏՃՄ մասնագիտություններով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը կյանքի որակի կարևոր ցուցիչներ են և ոլորտային նախաձեռնություններն ուղղված չեն միայն երեխաներին և ուսանողներին: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է հանրային կարևոր ուղղություններով առավել որակյալ մասնակցություն ապահովելով նպատակով ԿԳՄՍՆ կողմից իրականացման աշխատանքները:
Մշակույթի ապակենտրոնացում և հոբելյանական միջոցառումներ
Մշակութային կյանքի և ծառայությունների հասանելիության ապահովման համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մշակույթի ապակենտրոնացման, մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացման նպատակով իրականացվել է 9 երաժշտական փառատոն՝ ավելի քան 73 600 հանդիսատեսի և 3 թատերական փառատոն՝ շուրջ 14 000 հանդիսատեսի ընդգրկմամբ:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ մեծ հանդիսավորությամբ Հայաստանում և արտերկրում նշվել են Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի և Պարույր Սևակի 100-ամյակի հոբելյանները:
Այս տարի էլ նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը և հոբելյանական միջոցառումների շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվում ՀՀ տարբեր մարզերում նախատեսվող համերգներին. նախատեսվում է 12 համերգ: Չորս համերգ կկայանա Սյունիքի մարզում (Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան), մեկական համերգ` Շիրակի (Գյումրի) և Լոռու (Ստեփանավան) մարզերում, երկուական համերգ` Արմավիրի (Արմավիր և Էջմիածին), Արարատի (Արտաշատ, Վեդի) և Կոտայքի մարզերում (Հրազդան, Չարենցավան):
Մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդել
Խոսելով ժամանակակից արվեստի ոլորտի մասին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին և դրա արդյունավետությանը: Օրինակ, ֆինանսավորման նոր մոդելով աշխատող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է 250 ներկայացում և 5 առաջնախաղ՝ շուրջ 150 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 20% տարեկան եկամուտների աճ և ստեղծագործական կազմի՝ վարձատրության 37% ավելացում: Տիկնիկային թատրոնում անցկացվել է 745 ներկայացում և 7 առաջնախաղ՝ շուրջ 115,000 հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 35% տարեկան եկամուտների աճ և ստեղծագործական կազմի՝ վարձատրության մինչև 50% ավելացում։
ֆինանսավորման նոր մոդելը հնարավորություն է տվել ծավալել ավելի ինտենսիվ մշակութային գործունեություն՝ ապահովելով տարեկան եկամուտների աճ։ Համաձայն նոր մոդելի՝ կազմակերպությունները ֆինանսավորվել են նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվեգրված սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։
Մշակութային գործիչների և արվեստագետների խրախուսում
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ նախորդ տարվանից գործարկվել է մշակութային գործիչների և արվեստագետների խրախուսման ծրագիրը, որի շահառուները կարող են ամսական 130 հազարից մինչև 800 հազար դրամական խրախուսում ստանալ, եթե միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոներում հաղթող ճանաչվեն, որոշ դեպքերում էլ՝ պարզապես մասնակցություն գրանցեն: Նախորդ տարի այս նպատակով 52 մլն դրամի հատկացում է իրականացվել:
Գրականության զարգացում
Գրականության զարգացման, տարածման և հանրահռչակման նպատակով շարունակել է իրականացվել Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը՝ շուրջ 50 հրատարակչությունների, գրավաճառների և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 30 000 այցելու` կրկնակի ավելի նախորդ տարվանից, վաճառվել է շուրջ 12 000 գիրք` 20%-ով ավելի, քան նախորդ տարի։ Այս տարի Գրքի փառատոնը կընդլայնի աշխարհագրությունը՝ ներառելով նաև ՀՀ մարզերը:
Ներդրումների մասնակի վերադարձ կինոյի ոլորտում
Կինոյի ոլորտում հաստատվել է ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), որը մի շարք հնարավորություններ է ընձեռում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության տեսանկյունից:
Թանգարաններն ավելացրել են սեփական եկամուտները
Նախարարն անդրադարձել է նաև թանգարանային ոլորտին՝ նշելով, որ թանգարաններն ավելի քան կրկնապատկել են սեփական եկամուտները 2022 թվականի նկատմամբ՝ դրանք հասցնելով 1,4 մլրդ դրամի: Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսային համակարգը, որը նաև հուշանվերների վաճառքի առցանց հնարավորություն է ընձեռում: Ընդ որում՝ թանգարանների սեփական եկամուտների շուրջ 12%-ն այս պահին գոյանում է հուշանվերների վաճառքից, բայց նախարարի դիտարկմամբ՝ այս առումով մեծ ներուժ է առկա:
Անդրադառնալով միջազգային բնույթի համագործակցությանը՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանում բացված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսին. «Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են Բրիտանական թանգարանից բերված Անահիտ Աստվածուհու արձանի մասունքները։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում գրանցվել է շուրջ 55 000 այցելություն։ Այս տարի ևս միջազգային հեղինակավոր թանգարանների հետ լայն համագործակցություն է նախատեսվում»:
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն և վերականգնում
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության նպատակով պետական բյուջեից ծախսվել են նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի միջոցներ՝ շուրջ 800 մլն դրամ, որի շրջանակում 2024թ. իրականացվել են 16 հուշարձանի վերականգնողական (կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ), 11 հուշարձանի նախագծման և փորձաքննության և 2 հուշարձանի պեղումների աշխատանքներ։
Ուշադրություն է դարձվում նաև ազգային փոքրամասնությունների հուշարձանների, ինչպես նաև պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների վերականգնմանը: Նախարարի խոսքով՝ հուշարձանային ծառայությունների բարելավման արդյունքում գեներացվել է շուրջ 740 մլն դրամ եկամուտ, որը գերազանցում է պետության կողմից կատարված ծախսը:
Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը շեշտակի է
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ 2024 թվականին գիտության ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելի է 2018 թվականի համեմատ: 2025 թվականի հունվարի 1-ից արդեն իրողություն է 105-300 տոկոս վարձատրության բարձրացումը գիտնականների բազային ֆինանսավորմամբ: Ոլորտում գործում են նաև ավելի քան 20 դրամաշնորհներ, որոնք նախատեսված են երիտասարդ գիտաշխատողների, կին գիտնականների, ինչպես նաև արտերկրի հեղինակավոր գիտնականների ներգրավվածությամբ ծրագրերի համար:
Նախարարը հիշեցրել է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Բացի վերոնշյալ գիտական ամսագրից՝ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական:
ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի շրջանակում 2024թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կողմից ներկայացվել է ընդհանուր 144 հայտ (կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ), կնքվել է ֆինանսավորման ևս 7 պայմանագիր՝ պայմանագրերի ընդհանուր թիվը հասցնելով 17-ի՝ 7,6 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 2,4 անգամ:
Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ
Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացիների հանրային կյանքի կարևոր ուղղություն է նաև առողջ ապրելակերպի և սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը: Միաժամանակ, մեծ նվաճումների սպորտը ևս պետական քաղաքականության առանցքում է: Նախարարի խոսքով՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ. այստեղ կանանց և հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն էլ զգալի է եղել: Շարունակվել է Հայաստանում միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը: Ի թիվս այլ միջոցառումների՝ անցկացվել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարը՝ 119 մասնակցով, որին ներկա է եղել ավելի քան 10 հազար հանդիսական: Անցկացվել է նաև բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ավստրիա խաղը, որին ավելի քան 4000 հանդիսական է ներկա եղել:
Հաշվետու տարում շարունակվել են նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման ծրագրերը։ Օլիմպիական խաղերին ընդառաջ նախատեսվում է գործարկել նաև նպաստի տրամադրման նոր ծրագիրը:
Սպորտի ոլորտում շարունակվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը: Մասնավորապես՝ 2024 թվականին ավելի քան 100 սպորտային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ են իրականացվել՝ բյուջեի միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով, մասնավորի հետ համագործակցութամբ: Առաջիկայում Եղեգնաձորում, Մարտունիում և Արարատում կմեկնարկի տիպային մարզահամալիրների գործարկման ծրագիրը: Բարեփոխումների շրջանակում ձևավորվել է Սպորտի կառավարման կենտրոնը, կատարվում են օրենսդրական փոփոխություններ:
«Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքի մասին
Նախարարն անդրադարձել է նաև ակադեմիական քաղաքին՝ ընդգծելով, որ սա հանրությունը վերափոխող ծրագիր է: «Արդեն հստակ գիտենք ծրագրի իրականացման հաջորդ պլանը: Հաջորդ տարի մեկնարկելու ենք նախագծման և շինարարության աշխատանքները: Այս վստահությունը, առաջին հերթին, մեզ տալիս են միջազգային հեղինակավոր գործընկերները, որոնց հետ աշխատում ենք»,- ասել է նախարարը ու նշել՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով ակադեմիական քաղաքի համար առանձին ինստիտուցիոնալ և օրենսդրական ամրագրումներ են տրված:
Այնուհետև ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Նշենք, որ ԱԺ լիագումար նիստից առաջ՝ նախորդ շաբաթ, ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականը քննարկվել և հաստատվել էր նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: