ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԺ-ում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի կատարողականը

Հունիսի 10, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2024 թվականի ԿԳՄՍ նախարարության կատարողականը՝ տեղեկացնելով, որ ծախսերը կազմել են 285,7 մլրդ դրամ: Նախարարությունն իրականացրել է 23 ծրագիր և 234 միջոցառում, որից կապիտալ բնույթի աշխատանքների ծավալը կազմել է 63 մլրդ:

«Կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշի աճը ցույց է տալիս, որ բոլոր հավակնոտ ծրագրերն իրականացվելու են: Այն թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն: Պետական համակարգի արդյունավետության առումով պետք է նշեմ՝ 2018, 2019 թվականներին և դրանից առաջ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող ընդհանուր բյուջեն չի գերազանցել 150 մլրդ դրամը: Հաջորդ տարի միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է շուրջ 420 մլրդ դրամ հատկացում, որը էական աճ է»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով նախարարության աշխատանքների ընդհանուր ուղղությունների մասին՝ նախարարը նշել է, որ բոլոր ուղղություններով եղել են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք արտացոլված են բյուջետային ծրագրերում: Նախարարը մանրամասն ներկայացրել է նախադպրոցական, հանրակրթության ոլորտներում իրականացված աշխատանքները, խոսել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված ծրագրերի, բուհերի խոշորացման, գիտության ոլորտի ֆինանսավորման, արձանագրված արդյունքների, գիտության մրցունակության աճի մասին:

Հանրակրթության ոլորտի կատարողականը՝ 99,8 տոկոս

Հանրակրթության ծրագրին 2024 թվականին ուղղվել է ավելի քան 126.6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.8 տոկոս: Նախարարի խոսքով՝ Էապես ավելացել է հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը՝ կազմելով շուրջ 113.9 մլրդ դրամ, որը 2023 թվականին ընդհանուր հանրակրթության համար տրված ֆինանսավորմանը գերազանցում է 13.4%-ով՝ պայմանավորված հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ ՀՊՉ շրջանակում ուսուցիչների աշխատաժամանակը վերանայվել է. շաբաթական 22 դասավանդվող ժամի փոխարեն դառնալով 18 դասավանդվող ժամ տարրական դասարաններում և 20 դասավանդվող ժամ՝ հիմնական և ավագ դասարաններում։ Սա հանգեցրել է մեկ ժամի վարձատրության արժեքի մեծացման. համապատասխանաբար 20%-ով և 10%-ով:

Ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավում

Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման համար գործող ծրագրերին՝ նախարարը ներկայացրել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված չափաքանակի և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը, որոնց ուղղվել է 10 մլրդ դրամ։

Վերջին 4 տարիների ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6 321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20%-ն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: Այս նպատակով 2024 թվականին պետական բյուջեից հատկացվել է 6.2 մլրդ դրամ՝ 1.9 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ շարունակվել է տարակարգի շնորհման ծրագիրը, որի շրջանակում 285 ուսուցիչ ստացել է տարակարգ (նախորդ տարվա ցուցանիշը աճել է 2.8 անգամ)՝ արդյունքում ունենալով 10-50% հավելավճար, նրանցից 59 ուսուցիչ արժանացել է 4-րդ աստիճանի տարակարգի և ստանում է 50% հավելավճար: Հաշվետու տարում ընդհանուր 276.1 մլն դրամ է հատկացվել տարակարգ ունեցող 1228 ուսուցչի:

Նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածությունը հասել է 75%-ի

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում և նախակրթարաններում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հասել է 75%-ի: Այս երեխաներից 5 667-ի համար, որոնք հաճախում են նախակրթարաններ, պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 818.3 մլն դրամ:

ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների ատեստավորման և աշխատավարձի բարձրացման մասին

Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին անգամ կազմակերպված ՄԿՈՒ հաստատություններում դասավանդող մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման գործընթացին, որն իրականացվել է 4 ուղղություններով՝ ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն: Ատեստավորման արդյունքում 276 մանկավարժ կամ մասնակիցների 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և ունեցել դրույքաչափի բարձրացում 200 000 դրամի չափով, ինչը 2-3 անգամ բարձր է գործող դրույքաչափից, իսկ 70%-ից բարձր արդյունքներ գրանցած 224 մանկավարժ (նվազագույն շեմը հաղթահարածների 81%-ը) ստացել է նաև 30%, 40%, 50% հավելավճար: Նրա խոսքով՝ 2024թ. մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններ է ընդունվել 15 058 ուսանող՝ 2023թ. նկատմամբ գրանցելով ընդունելության 11.4% աճ։

Կրթաթոշակային քաղաքականությունը նպաստել է ընդունելության ցուցանիշների բարելավմանը

Նախարարը նաև անդրադարձել է առաջնահերթ մասնագիտություններով սովորող ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային ծրագրին, որն էական ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների բարելավման վրա:

2024-2025 ուսումնական տարում ՄԿՈՒ ոլորտում գրանցվել է ընդունելության դրական արդյունք՝ 988 ուսանող արհեստագործական (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 123.5%-ով), 717 ուսանող՝ միջին մասնագիտական (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 61%-ով) ծրագրերով: Ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50 000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ ըստ նախորդ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքների:

Բարձրագույն կրթության ոլորտում նույնպես շարունակվել է պետության կողմից ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագիրը՝ ամսական 70 000 ՀՀ դրամ կրթաթոշակի միջոցով։ Նշված ուղղությամբ 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից շուրջ 20%-ով ավելի։ Այս քաղաքականությունը 2024 թվականից տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտում գերակա համարվող մասնագիտություններով բուհ է ընդունվել 220 ուսանող:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ միասնական և ներբուհական ընդունելության կարգերով բուհեր են ընդունվել 10 720 ուսանողներ, ինչը կազմում է ավագ դպրոցի շրջանավարտների 52.3%-ը, որը միջազգային համակարգերի հետ բավականին համադրելի ցուցանիշ է:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Նախարարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը՝ նշելով, որ այս ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել․ «Հստակ պատկերացնում ենք ծրագրի իրականացման ռազմավարությունը, որը հաջողության կարևոր հիմք է: Նման խորքային և բազմաշերտ ծրագրերն առանց ճիշտ նախապատրաստման և իրականացման լավ պլանի՝ դատապարտված են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով միջազգային համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքները։

Նրա խոսքով՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում գերմանական մասնագիտացված կազմակերպությունների հետ։ Վերջերս գործընկերություն է մեկնարկել Շոտլանդիայի կայսերական կոնսերվատորիայի հետ՝ երաժշտական ուղղությամբ: Պատրաստ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, մեկնարկել է ակադեմիական քաղաքի տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, մշակվում է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը և այլն:

Գիտության ոլորտի ֆինանսավորման աճի մասին

Անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսավորմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ արդյունքներն արդեն տեսանելի են որակական մակարդակում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Բացի վերոնշյալ գիտական ամսագրից՝ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական:

Գիտության ոլորտում դրույքաչափերի բարձրացման, գործող տարակարգերի և ատեստավորման մեխանիզմների ներդրմամբ պայմանավորված՝ աշխատավարձերի մինչև 300 տոկոս աճ է ապահովվել՝ ի համեմատ, օրինակ, 2021 թվականի:

Նրա խոսքով՝ գործում են նաև ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր, և գիտնականը կարող է միանգամից մի քանի ծրագրի շահառու լինել: Սա նշանակում է՝ արդյունավետ գիտնականների վարձատրությունը դեռ կարող է աճել: Ըստ նախարարի՝ 1 մլնից ավելի վարձատրություն ունեցող գիտնականներ ունենք, ինչը կարևոր ձեռքբերում է գիտությամբ զբաղվելը մրցունակ գործունեություն դարձնելու իմաստով։

«Գիտության ոլորտին 2024 թվականին հատկացվել է շուրջ 40,2 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 29,9 մլրդ դրամով. ոլորտում ֆինանսավորման շուրջ 280 տոկոսի աճ ունենք: Սա շատ մեծ աճ է և ուղղված է տարբեր ուղղություններով աշխատանքներին»,- ասել նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում քննարկման կներկայացվի գիտության զարգացման ռազմավարությունը։

Մշակույթի ոլորտի բարեփոխումների մասին

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը խոսել է մշակութային ժառանգության, ժամանակակից արվեստի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նրա խոսքով՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության նպատակով պետական բյուջեից ծախսվել են նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի միջոցներ՝ շուրջ 800 մլն դրամ, որի շրջանակում 2024թ. իրականացվել են 16 հուշարձանի վերականգնման (կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ), 11 հուշարձանի նախագծման և փորձաքննության և 2 հուշարձանի պեղումների աշխատանքներ։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը»։

Սեպտեմբերից մեկնարկած մշակութային կրթության տարվա շրջանակում էապես ավելացել են դպրոցական բաժանորդային համակարգով այցելությունները թանգարաններ և թատրոններ՝ շուրջ 300 հազար, ինչը 30,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը և ընդգրկում է հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70%-ը:

Թանգարանների ցուցադրությունների և այցելությունների աճի մասին

Անդրադառնալով միջազգային բնույթի համագործակցությանը՝ նախարարը նշել է «Հայաստանի պատմության թանգարանում» բացված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը. առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են Բրիտանական թանգարանից բերված Անահիտ Աստվածուհու արձանի մասունքները։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում գրանցվել է շուրջ 55 000 այցելություն։ Նախարարը նշել է՝ սեպտեմբերին համագործակցություն է նախատեսվում Լուվրի թանգարանի հետ, Հայաստանի ազգային պատկերասրահն էլ այս ամսվա վերջին ցուցադրություն կունենա Ֆրանսիայում:

Անդրադառնալով թանգարանների էլեկտրոնային տոմսային համակարգին՝ նախարարը նշել է, որ գործարկվել է համակարգի բջջային հավելվածը և եռալեզու կայքը՝ museumsarmenia.am: Համակարգին միացել է 26 թանգարան:

Մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին արդյունավետության մասին

Խոսելով ժամանակակից արվեստի ոլորտի մասին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին և դրա արդյունավետությանը: Օրինակ, ֆինանսավորման նոր մոդելով աշխատող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է 198 ներկայացում և 5 առաջնախաղ՝ շուրջ 124,569 հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 20% տարեկան եկամուտների աճ և ստեղծագործական կազմի՝ վարձատրության 37% ավելացում: Տիկնիկային թատրոնում անցկացվել է 763 ներկայացում և 7 առաջնախաղ՝ շուրջ 120,000 հանդիսատեսի ընդգրկմամբ՝ ապահովելով մինչև 35% տարեկան եկամուտների աճ և ստեղծագործական կազմի՝ վարձատրության մինչև 50% ավելացում։

Խրախուսելով անցումը ֆինանսավորման նոր ձևաչափին՝ նախարարը նկատել է, որ բոլոր հաստատություններում, այդ թվում՝ մարզային թատրոններում, եկամուտների մինչև 30 տոկոսի աճ է գրանցվել: Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մարզերում մշակութային կյանքի հասանելիության ապահովումը: Նրա խոսքով՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում մարզերում մի շարք համերգներ են նախատեսված:

Մշակութային գործիչների և արվեստագետների խրախուսման մասին

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է ՝ նախորդ տարվանից գործարկվել է նաև մշակութային գործիչների և արվեստագետների խրախուսման ծրագիրը, որի շրջանակում շահառուները կարող են ամսական մինչև 800 հազար դրամական խրախուսում ստանալ, եթե միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոներում հաղթող ճանաչվեն, որոշ դեպքերում էլ՝ պարզապես մասնակցություն գրանցեն:

Սպորտի ոլորտի հատկացումների և նոր ծրագրերի մասին

Անդրադառնալով սպորտի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ իրականացվել են շուրջ 7.3 մլրդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3.5 անգամ ավելի է 2018 թ. նույն ցուցանիշից:

Անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որոնցից 3-ը նախատեսված է դպրոցականների համար: Նա տեղեկացրել է՝ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման համար ձեռք են բերվել և հանրապետության բոլոր դպրոցներին են տրամադրվել շուրջ 6 500 հեծանիվներ:

Նախարարն անդրադարձել է նաև մարզերում երեխաների լողի անվճար մարզումների ֆինանսավորմանն ուղղված ծրագրին: Մարզումներն իրականացվում են մարզերում գործող և մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող լողավազաններում: Նախորդ տարի ծրագիրն իրականացվել է Արագածոտնի մարզի Արագած համայնքում: Այս տարի ծրագիրն ընդլայնվելու է՝ հասանելի դառնալով նաև Մեծամորում, Իջևանում, Հրազդանում:

Մասնավորի հետ համագործակցությամբ նաև տիպային մարզահամալիրների կառուցում է նախատեսվում ՀՀ տարբեր մարզերում: Առաջիկայում ծրագրերը կմեկնարկեն Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում:

Երիտասարդական քաղաքականության մասին օրենքը՝ հետագա աշխատանքի ինստիտուցիոնալ հիմք

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հաշվետու տարում կատարված օրենսդրական աշխատանքները, ինչպես նաև երիտասարդական կենտրոններ ձևավորելու համար տրամադրված դրամաշնորհները: Նախարարը նշել է, որ ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որը ստեղծել է ինստիտուցիոնալ հիմքեր հետագա զարգացման մասին խոսելու և աշխատանքներ իրականացնելու համար:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն