ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է». Ժաննա Անդրեասյան

Հունիսի 2, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։

Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նվիրել մի իրադարձություն, որտեղ ամեն ինչ պտտվում է գրքի, ընթերցանության ու ստեղծագործության շուրջ՝ ապահովելով ուրախ ժամանց: Փառատոնը կգործի մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է փառատոնի անցկացման ձևաչափը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, գործընկերներին ու մասնակիցներին մեծ աշխատանքի համար: «Շատ խորհրդանշական է, որ Մանկական գրքի փառատոնով Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշում ենք՝ երեխային կապելով գրքին: Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է»,- ասել է նախարարը և հավելել, որ նմանատիպ միջավայրերում տեսանելի է դառնում տաղանդավոր միտքը, որը հետագայում կարող է զարգանալ:

Շրջելով տաղավարներում և ծանոթանալով հրատարակիչների արտադրանքին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ակնհայտ է, որ մանկական գրատպության արտադրանքը շուկայում մրցունակ է: Նա հատկապես ընդգծել է հայերենով մանկական գրականություն և զարգացման խաղեր ունենալու կարևորությունը, որը կարող է նաև կրթական գործընթացի մաս կազմել՝ ուսուցումը դարձնելով առավել կենդանի ու գրավիչ: Նախարարը կոչ է արել երեխաներին օգտվել առիթից և ընտրել գրքեր ամառային ընթերցանության համար և սեպտեմբերին դպրոց գնալիս ընկերների հետ կիսվել տպավորություններով:

Փառատոնի ընթացքում զուգորդվում են գրական իրադարձությունները և ուրախ ժամանցը, խաղային ծրագրերը, երաժշտական միջոցառումները, թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները: Երկու օրերի ընթացքում նախատեսված են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, մեծ զեղչեր ու ակցիաներ:

Փառատոնի շրջանակում «Զանգակ» գրատունն իր շուրջն է համախմբել Հայաստանում մանկապատանեկան գրականություն հրատարակող հրատարակչություններին, կրթական խաղեր արտադրողներին, մշակութային կենտրոններին։ Մուտքն ազատ է: Մանկական գրքի փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն