ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը

Հունիսի 2, 2025
Մշակութային լուրեր

Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, կինոսեր հասարակության ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է յոթ օր, սակայն Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը շարունակվում է ամբողջ տարին․ «Հայաստանը գտնվում է եվրոպական մշակութային տիրույթում, երկկողմ ձևաչափով համագործակցում է եվրոպական բազմաթիվ երկրների հետ, իսկ Եվրոպական միության հետ մեր երկիրն ունի բազմակողմ համագործակցության օրակարգ։

Վերջերս ավարտվեց ստեղծարար արդյունաբերության ծրագիրը, որը Եվրոպական միության կողմից ֆիանսավորվող ամենամեծ ծրագիրն է մշակույթի ոլորտում։ Նախաձեռնել ենք Հայաստան-Եվրոպական միություն շարունակական երկխոսություն մշակույթի ոլորտում, որը միտված է եվրոպական երկրների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը։ Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության հարթակները շատ կարևոր են, քանի որ մշակույթն է, որ իրապես միավորում է ժողովուրդներին և պետություններին»։

Նա վստահություն է հայտնել, որ մշակութային ծրագրերը կխթանեն Հայաստանի և եվրոպական երկրների միջև միջմշակութային երկխոսությունը, ինչպես նաև կնպաստեն ՀՀ-ում իրականացվող մշակույթի ոլորտի բարեփոխումներին ու ենթակառուցվածքների զարգացմանը։ Անդրադառնալով փառատոնային ֆիլմերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ մեկ շաբաթ շարունակ Երևանի Կինոյի տանը հնարավորություն է ընձեռվել դիտելու միջազգային ճանաչում ունեցեղ հեղինակներ Ջոշուա Օփենհայմերի, Ռադու Ժուդեի, Միգել Գոմիշի և այլոց ֆիլմերը։ Եվրոպական ֆիլմերի փառատոնը եզրափակվել է Պաբլո Լարրինի «Մարիա» ֆիլմով:
Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը և Հայաստանի կինոգործիչների միությանը՝ կինոտոնի կազմակերպման համար:

Փառատոնի փակմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Եվրոպան ֆիլմերի փառատոն-2025-ը վերահաստատում է կինոյի հզոր ներուժը՝ որպես կամուրջ, որը միավորում է մշակույթները և մարդկային փորձառության գունեղ ու բազմաշերտ կողմերը։ Փառատոնը նշանավորել է Եվրոպայի և Հայաստանի հարուստ մշակութային բազմազանությունը»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր գործընկերներին փառատոնի կայացման գործում ունեցած ներդրման և գործընկերության համար։

Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Հանդիսատեսը 7 օր շարունակ բնօրինակ լեզվով ու հայերեն, անգլերեն ենթագրերով դիտել է «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն