ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան

Մայիսի 22, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան:

Օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում: Այն անցկացվելու է 2 փուլով՝ մարզային/երևանյան և եզրափակիչ:

Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները: Օլիմպիադան անցկացվում է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 2024-2025 թթ. ուստարվա 7-րդ դասարանցիների միջև:

Օլիմպիադային ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում իրականացվել են սեմինար-խորհրդակցություններ, որոնց մասնակցել են շուրջ երաժշտական և արվեստի դպրոցների 200 տնօրեններ ու սոլֆեջոյի դասատուներ:

Օլիմպիադայի առաջին փուլը, որի մասնակցության համար հայտագրված է 192 աշակերտ, կկայանա մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևանում և ՀՀ մարզերում /ժամանակացույցը կցվում է/:

Այն սովորողները, որոնք մարզային փուլում թեստային առաջադրանքից կստանան 23-30 միավոր, կմասնակցեն Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն