ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են ներառական կրթության կազմակերպման խնդիրները

Մայիսի 17, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային կլոր սեղան-հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ։

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և մարտահրավերները։ Այս համատեքստում նա անդրադարձել է ՏՄԱԿ-ների գործունեությանը, ներառական կրթության կազմակերպման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու դրանց լուծումներին։

Նախարարի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել դպրոցներում առկա բռնության դեպքերի կապակցությամբ։ Նա կարևորել է բռնության կանխարգելման և հաղթահարման գործում ՏՄԱԿ-ների ներգրավվածությունը՝ մանկավարժների, ծնողական համայնքի, սովորողների իրազեկության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և բռնությունից զերծ ուսումնական միջավայրի ապահովման տեսանկյունից։ Նախարարի տեղակալը խոսել է նաև դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման և այդ ուղղությամբ նախանշված գործընթացների մասին։

Անդրադարձ է կատարվել ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքների ծավալներին, դրանցով պայմանավորված խնդիրներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող աշխատանքների և ռեսուրսների համապատասխանության վերաբերյալ վերլուծություններին։ Ընդգծվել է ուսումնական հաստատություններում մատչելի ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտությունը՝ սովորողների լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով։

Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական նախագծի մասին՝ շեշտելով ծրագրի արդյունավետությունը և Հայաստանի այլ դպրոցներում դրա ընդլայնման հնարավորությունները։

Նախարարի տեղակալը դիտարկել է նաև ծնողավարման հմտությունների հետ կապված մարտահրավերները․ «Ծնողներն ամենակարևոր օղակն են այս գործընթացում, և ծնողավարման լուրջ խնդիր ունենք, ընդ որում՝ ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այլև բոլոր երեխաների ծնողների առնչությամբ»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության ոլորտում նախատեսվող թվայնացման գործընթացներին։ Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն՝ 6 տարեկանից բարձր երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան: Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն զարգացման բարդ խնդիրներ՝ հատկապես ծանր և խորը արտահայտված. «Օրինակ, եթե, վերոնշյալ խմբի 7 տարեկան երեխան դպրոց չի հաճախել, ապա նա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում կանցնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, և համապատասխան եզրակացության առկայության դեպքում դպրոցը հնարավորություն կունենա նրան գրանցել առաջին դասարանում․ նրանց ծնողները պետք է պարզապես մոտենան դպրոց և դիմում գրեն»։ Առաջիկա ուսումնական տարին պլանավորելիս կքննարկվի նաև վերոնշյալ փոփոխությունների իրականացման ժամանակացույցը։

Արաքսիա Սվաջյանն ընդգծել է ՏՄԱԿ-ների և դպրոցների մանկավարժահոգեբանական աջակցության թիմերի համագործակցության կարևորությունը, որն ուղղված է մանկավարժահոգեբանական ծառայությունների ապահովմանը երեխաների կրթության իրացման և սոցիալականացման գործընթացում։

ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերը և ներկայացրել առաջարկություններ ու հարցերի լուծման հնարավոր ուղիները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն