ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

Մայիսի 12, 2025
Մշակութային լուրեր

2025 թվականին մեծ շուքով նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, որը մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի նշանավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

Մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ, որը կբացի հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է ֆենոմենալ դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Յուջա Վանգի կատարմամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»): Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և դիրիժորների մասնակցությամբ, ինչպես նաև հյուրախաղեր մարզերում և արտերկրում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անցած ուղին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925 թվականին երաժշտագետ Արշակ Ադամյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից: Կազմավորվելով խորհրդային ժամանակաշրջանում՝ այն տարիներ շարունակ ճանաչվել է Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը: Նվագախումբը եղել է աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողը՝ հաճախ հենց նրա ղեկավարությամբ: Ֆիլհարմոնիկի հետ Ա. Խաչատրյանի առաջին հեղինակային համերգը տեղի է ունեցել 1939 թվականին: Այդ տարիներին նվագախումբը հանդես է եկել այնպիսի անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Կուրտ Մազուրը, Կարլո Չեկկին, Ֆրանց Կոնվիչին, Ռեյնգոլդ Գլիերը և շատ ուրիշներ: Ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Էմիլ Գիլելսի և այլոց հետ: Այդ շրջանում զարգացում է ապրել նաև հայ կատարողական արվեստը. Ֆիլհարմոնիկի հետ ելույթներով հանդես են եկել թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Անահիտ Ցիցիկյանը, Ռուբեն Ահարոնյանը, մեներգիչներ Նար Հովհաննիսյանը, Շարա Տալյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Լուսինե Զաքարյանը և այլոք:

Հատուկ նվագախմբի համար ստեղծագործություններ են գրել հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը և Տիգրան Մանսուրյանը: Նվագախումբը սերտ համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Սոֆյա Գուբայդուլինայի, Ռոդիոն Շչեդրինի, Դմիտրի Կաբալևսկու և Քշիշտոֆ Պենդերեցկու հետ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման պաշտոնական տարեթիվը համարվում է 1925 թվականի մարտի 20-ը, որը նշանավորվել է Պետթատրոնում կայացած համերգով: Այդ ժամանակ նվագախումբը կոչվում էր Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ: 1933 թ. հունվարի 20-ին բացվել է Օպերային թատրոնը, որն իր կազմում ներգրավել է Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Գ. Բուդաղյանի ղեկավարությամբ: Նվագախմբի սիմֆոնիկ համերգները հիմնականում տեղի էին ունենում Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (այժմ՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահ):

1956 թ. սեպտեմբերի 4-ին ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգայի որոշմամբ Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը վերանվանվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և շուրջ 34 տարի հայտնի էր այդ անվամբ։ 1990 թ. սեպտեմբերի 16-ին նվագախմբի ընդհանուր ժողովը որոշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերանվանել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 2015 թվականին ստացել է ազգային կարգավիճակ և մինչ այժմ գործում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ անվամբ: 1953 թ. մայիսի 17-ին բացվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը՝ այժմյան «Արամ Խաչատրյան» համերգասրահը. բացումը նշանավորվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարում էր դիրիժոր Մ. Մալունցյանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահը հանդիսանում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդիսավայրը:

Այսօր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն է, որը դասական կատարողական արվեստի բնագավառում սահմանել է բարձր նշաձող ողջ տարածաշրջանի համար: Այս տարիներին Ազգային ֆիլհարմոնիկն ունեցել է 18 գլխավոր դիրիժոր, որոնց թվում են ականավոր դիրիժորներ Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը: Նվագախմբի միակ այլազգի գլխավոր դիրիժորը եղել է Վալերի Գերգիևը (1980-1985):

Նվագախմբի պատմության մեջ կարևոր տարիներ էին հետխորհրդային 90-ականները. այդ ճակատագրական ժամանակահատվածում նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը (1989-1998 և 1999-2000 թթ.): Այդ տարիներին մարդիկ ամեն ուրբաթ գալիս էին «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ունկնդրելու դասական երաժշտություն: Նվագախմբի կազմում գործում էր նաև մեծ երգչախումբ, կից կար նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ:

Ազգային ֆիլհարմոնիկը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ

2000 թվականից Ազգային ֆիլհարմոնիկը թևակոխել է մեկ այլ նշանակալի ժամանակաշրջան՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Թոփչյանը նվագախմբի ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է. այս տարի լրանում է Թոփչյանի ղեկավարման 25 տարին: Նրա ղեկավարման տարիներին նվագախմբի կատարողական վարպետությունը սրընթաց բարձրացել է միջազգային բարձր մակարդակի:

Ազգային ֆիլհարմոնիկն իր ակտիվ և բազմամյա գործունեության շնորհիվ դարձել է Հայաստանի մշակութային դեսպանը ողջ աշխարհում` հանդես գալով երկու տասնյակից ավելի երկրների հեղինակավոր համերգասրահներում, ինչպես նաև Հայաստանում հյուրընկալելով միջազգային մեծ համբավ ունեցող բազում մենակատարների և դիրիժորների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…