ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Ապրիլի 17, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի մարտի 19-ին: Չորս հավակնորդներից հաղթող է ճանաչվել Հրաչյա Զաքոյանը։

Հրաչյա Զաքոյանն ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության փորձառությունի ունի: 2018 թվականից եղել է բուհի պրոռեկտորը, 2023 թվականի դեկտեմբերից նաև կատարում էր ռեկտորի պարտականությունները:

«Այս ընթացքում համոզվել ենք պարոն Զաքոյանի կողմից բուհի կառավարման արդյունավետության հարցում: Նախորդ տարի Կառավարությունը մի շարք կարևոր որոշումներ է կայացրել՝ ուղղված բուհի գործունեության և ագրարային ոլորտի կրթության զարգացմանը»,- կառավարության նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ բուհի ագրարային ուղղություններով գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական 70 հազար դրամի չափով կրթաթոշակ է սահմանվել:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրականացված մի շարք փոփոխությունների արդյունքում նախորդ տարի ընդհանուր առմամբ ընդունելության համակարգում 67%-ով ավելի արդյունք է գրանցվել: Ներկայում բուհի զարգացման ուղղությամբ արդյունավետ բանակցություններ են ընթանում ֆրանսիական կողմի հետ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ աշխատանքը ստանձնել է գիտակցելով բարդությունն ու պատասխանատվությունը:

«Ագրարային համալսարանն ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում, իսկ վերջին տարիներին այս ոլորտի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը բազմաթիվ օժանդակության ծրագրեր է իրականացնում: Առանց որակյալ մասնագետների դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը: Հենց այս պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը՝ գիտակցելով բուհի վերափոխման և արդիականացման անհրաժեշտությունը»,- նշել է Հրաչյա Զաքոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և մաղթել պաշտոնավարման արդյունավետ ընթացք:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն