Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։
Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ իրականացվող ծրագրերն ու սպասվող նորությունները։
Բանախոսները շնորհավորել են ոլորտի մասնագետներին, աշխատակիցներին, հուշարձանապահ գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով, որ հուշարձանների պահապանները ջանք ու եռանդ են ներդնում հուշարձանների պահպանության գործում:
Կարևոր է դպրոցականների ներգրավվածությունը
«Յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվում են տարբեր միջոցառումներ մեր հասարակության ուշադրությունը հուշարձանների պահպանության խնդրին հրավիրելու նպատակով՝ հատկապես շեշտադրելով դպրոցականների ներգրավվածությունը: Կազմակեպվում են մաքրման աշխատանքներ, քայլարշավներ, կրթական բնույթի ծրագրեր: Այս տարի ունենք 50-ից ավելի նախաձեռնություններ»,- իրազեկել է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Նրա խոսքով՝ միջոցառումները կամփոփվեն ԿԳՄՍ նախարարի հետ քայլարշավով դեպի Դսեղ գյուղ և Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցի:
Ավելացել են հուշարձանների վերականգնմանը հատկացվող միջոցները
Հարություն Վանյանի խոսքով՝ նախորդ տարի 800 մլն դրամ է ծախսվել հուշարձանների վերականգնման համար, այս տարի՝ 1 մլրդ 770 մլն-ից ավելի՝ 20 հուշարձանի վերականգնման, շուրջ 10 նախագծերի, 3 խոշոր պեղումների համար: Հատկապես ուշադրության կենտրոնում են պետական խորհրդանիշ հանդիսացող հուշարձաններն ու որմնանկարները:
«Նախորդ տարի վերականգնվել է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարը, այս տարի հայտարարված է Շատիվանքի որմնանկարների վերականգնումը: Կան նաև ազգային փոքրամասնությունների պահպանությանն ուղղված ծրագրեր: Նախորդ տարի սկսեցինք Լոռու մարզի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու ամրակայումը. այս տարի նախատեսվում է ավարտել աշխատանքները: Կմեկնարկի Սյունիքի մարզի Կավարտի հունական եկեղեցու վերականգնման նախագիծը»,- տեղեկացրել է Հարություն Վանյանը՝ ընդգծելով, որ նախարարության առաջնահերթությունները բխում են Մշակույթի զարգացման ռազմավարությունից:
700-ից ավելի հուշարձաններ կստանան նորահայտ հուշարձանի կարգավիճակ
Ի թիվս նշյալ աշխատանքների իրականացվել են մի շարք օրենքից բխող իրավական ակտերի փոփոխություններ՝ հստակեցնելու նախագծային արժեքների, հնագիտական պեղումների կողմնորոշիչ գները: Շուտով ՀՀ կառավարությանը կներկայացվի նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու նախագիծը, որով 700-ից ավելի հուշարձաններ, որոնք սկսած 2007 թվականից նորահայտի կարգավիճակ են ստացել, կավելանան 25000 հուշարձանների ցանկին:
Այդ ուղղությամբ իրականացվել են ոլորտի կանոնակարգման աշխատանքներ՝ սահմանելով օբյեկտին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու չափորոշիչներ: «Սահմանվել է 10 չափորոշիչ, որոնցից գոնե մեկին համապատասխանելու դեպքում քննարկվում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Այս առումով ոլորտը հստակ կանոնակարգված է»,- հայտնել է Հարություն Վանյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի նորահայտ հուշարձանների ցանկում ընդգրկվել է 50 նոր օբյեկտ:
Ռեսուրսների համալրման, ոլորտի կարգավորման համատեքստում բանախոսը հայտնել է, որ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում նախորդ տարի բացվել է Հուշարձանների կադաստրային բաժին, որը, նոր ռեսուրսների ավելացմամբ, կզբաղվի համապատասխան խնդիրներով: Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում գործում է մագիստրոսական ծրագիր, որը պատրաստում է վերականգնող ճարտարապետների։
Հուշարձանապահպանությունը քաղաքացիների շրջանում
Գործում է «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագիրը, որը հաջողությամբ արդեն իրականացվել է մի քանի մարզերում և լինելու է շարունակական: Ծրագրի շրջանակում համայնքային գործընկերների համար պարզաբանվում են նրանց գործառույթներն ու պարտականությունները, իրավական կարգավորումները:
Այս ուղղությամբ հաստատվել է պահպանական պարտավորագրերի օրինակելի ձևը. արդեն իսկ 300 պարտավորագիր է ներկայացվել մասնավոր հուշարձանների սեփականատերերից: Գործընթացը շարունակական է:
Հուշարձանների տարածքում նախատեսված են տեղեկատվական կենտրոններ
«Այնպիսի հուշարձաններում, որոնք ենթակառուցվածքների պակաս ունեն, նախարարության կողմից մշակված տիպային նախագծով կտեղադրվեն տեղեկատվական կենտրոններ: Նախորդ տարի գործընթացը սկսվել է Լոռի բերդ ամրոցի համար, աշխատանքներն ավարտված են: Այս տարի դրանք կսկսվեն Բջնի, Զորաց քարեր արգելոցներում, Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում: Նպատակն է՝ ակտիվացնել այս ուղղություններով զբոսաշրջային հոսքերը»,- ասել է Հ․ Վանյանը։
Բանախոսը նշել է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում հուշարձաններ ընդգրկելու ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվում. նախապատրաստվում են երեք հայտեր:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումներ
Անդրադառնալով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ նախատեսված են բազմաթիվ ծրագրեր, որոնցից գլխավորն անցկացվելու է ապրիլի 18-ին․ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Օրբելյան իշխանական տունը Հայաստանի պատմության մեջ պահպանելով պատմամշակութային ժառանգությունը և վերագնահատելով անցյալը» խորագրով գիտաժողովովը:
Նրա տեղեկացմամբ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցառումները միայն ապրիլի 18-ով չեն սահմանափակվում. «Տարեկան ավելի քան 200 միջոցառումներ ենք անցկացնում մարզերում՝ դպրոցականների, մշակութային հաստատությունների ներգրավմամբ։ Մարզերում իրականացվում են «Համայնքային հուշարձանապահպանություն» խորագրով համաժողովներ, կլոր սեղաններ՝ փորձելով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը»։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ըստ տնօրեն Խաչիկ Հարությունյանի, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան միացել է բազմաբնույթ ծրագրերով: Նրա տեղեկացմամբ՝ միջոցառումները մեկնարկել են ապրիլի 17-ին․ այդ օրը Երևանի պատմության թանգարանում անցկացվել է հուշարձանների խնդիրներին առնչվող կլոր-սեղան քննարկում, զուգահեռաբառ կբացվի ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են վերջին երկու տարիներին Երևանում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները: Ապրիլի 18-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի կունենա Լոռի Բերդին նվիրված ցուցադրություն, որի միջոցով քաղաքի բնակիչներին, հյուրերին, թանգարանի այցելուներին հնարավորություն կտրվի ծանոթանալու միջնադարյան հայտնի ամրոցի մշակութային կարևոր գտածոներին:
«Համագործակցում ենք հանրակրթական և այլ ուսումնական հաստատությունների հետ՝ սովորողների համար անցկացնելով դասընթացներ, որի շրջանակում աշակերտները հուշարձանների վերաբերյալ թեմատիկ նյութեր են պատրաստել»,- ասել է Խաչիկ Հարությունյանը։
Իրավախախտումները՝ հուշարձանների ոլորտում
Արմեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 2024 թ. արձանագրվել են պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների տարածքներում օրենքով չարտոնված աշխատանքների 93 դեպք: 19-ի վերաբերյալ ՊՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին, 10-ի դեպքում իրավապահ մարմինների կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնցից երեքով ՊՈԱԿ-ը ճանաչվել է տուժող, մեկի դեպքում հուշարձանը բերվել է նախկին տեսքին, երկուսի դեպքով հարուցվել է վարչական վարույթ, իսկ մեկի դեպքում իրավախախտ անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ 2025 թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել են պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների տարածքներում չսահմանված աշխատանքների 21 դեպք։ 8-ի վերաբերյալ ՊՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին։ 2025 թ․ նախատեսվում է մարզերից մեկում փորձնական ծրագիր իրականացնել՝ հուշարձանների պահպանությամբ զբաղվողներին ապահովելով արտահագուստ, մեքենաներ և օդալուսանկարահանող սարքեր։
Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ որքան էլ հուշարձանների մասնագետները անմնացորդ ջանքեր են ներդնում, այնուամենայնիվ, իրավախախտումների բազմաթիվ դեպքեր կան. «Կուզենայի հատկապես ընդգծել այն փաստը, որ իրավախախտումները ոչ թե պարզապես արձանագրվում են թղթերի վրա, այլ հետամուտ ենք լինում և մինչև վերջ փորձում ենք ուսումնասիրել՝ հարցը հասցնելով դատարան: Մասնավորապես՝ 2024 թվականին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ 5 դատական գործով 13 նիստերի է մասնակցել` ի պաշտպանություն հուշարձանների»:
Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են միջազգային համագործակցությանը վերաբերող հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ