ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Մարտի 26, 2025
Մշակութային լուրեր

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: 

Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն իրականցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Սկադի Յենիկեն, Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը (Ավ. Իսահակյանն այս ընկերակցության հիմնադիրներից է եղել), Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

«Ավետիք Իսահակյանը հայ գրականության ամենավառ դեմքերից է: Նրա ստեղծագործությունները Հայաստանի և հայկականության սահմաններից դուրս են եկել` դառնալով համամարդկային արժեքներ։

Գերմանիան առանձնահատուկ դեր է խաղացել Իսահակյանի կյանքում։ Նա մի քանի տարի ապրել է Գերմանիայում՝ Լայպցիգում, Բեռլինում, որտեղ ուսումնասիրել է եվրոպական գրականությունն ու փիլիսոփայությունը և ակտիվորեն շփվել ժամանակի առաջադեմ գրական ու քաղաքական շրջանակի հետ։

Նրա գործերը լի են մարդկային էության շուրջ մտորումներով, որոնք սերտորեն առնչվում են նաև գերմանական մեծ մտածողների գաղափարներին: Կարելի է ասել, որ գերմանական փիլիսոփայական միտքը մեծապես ազդել է Ավետիք Իսահակյանի աշխարհընկալման վրա։

Մեծարելով Իսահակյանի գրական ժառանգությունը` նաև ընդգծում ենք Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային կապերը։ Նրա խոսքը, նրա պոեզիան հավերժական կամուրջ է անցյալի և ներկայի, Արևելքի և Արևմուտքի միջև»,- իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև փաստական վկայություն է առ այն, որ Ավետիք Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է Գյումրիի սև տուֆը, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա նաև QR կոդ, որի միջոցով այցելուները կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն