ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

Մարտի 25, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ նախագիծը վերաբերում է մի քանի հիմնական ուղղությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքին՝ հավաստագրման գործընթացին:

«Գործող օրենքներով սահմանված է հավաստագրման գործընթաց կրթական յուրաքանչյուր մակարդակի համար: Նախագծով առաջարկվում է սահմանել հավաստագրման միասնական գործընթաց, որը հնարավորություն կտա տնօրենի պաշտոնի բոլոր հավակնորդների համար սահմանել առավել համապարփակ իմացության սանդղակ: Այս մոտեցումը հնարավորություն կտա հետագայում սահուն անցում կատարել կրթական այս կամ այն մակարդակից դեպի մյուսը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել լիազորող նորմ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը սահմանելու վերաբերյալ: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ներկայում գործում են արտադպրոցական կրթություն իրականացնող համայնքային և պետական ենթակայության տարբեր հաստատություններ. 238-ը՝ արվեստի ոլորտում՝ 5000 մանկավարժով, 174-ը՝ սպորտի ոլորտում՝ 2000 մարզիչ-մանկավարժով:

Մյուս փոփոխությունն ուղղված է արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման կարգին:

Ինչպես ԿԳՄՍ նախարարի տեղակալն է հայտնել՝ նախագծով առաջարկվում է հաստատել պետական բյուջեի հատկացումներով ֆինանսավորման կարգը:

Նախատեսվում է նաև, որ արտադպրոցական հաստատությունների ուսումնական պլանները, նյութերը, ծրագրերը և դասընթացները կերաշխավորվեն ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ առավել կարգավորված բովանդակություն ունենալու նպատակով: Մյուս կարգավորումը, որը ներկայացրել է նախարարի տեղակալը, վերաբերում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության և ավարտական քննությունների ընթացակարգերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն