ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թատերական շաբաթը խամաճիկների պետական թատրոնում. շրջայցեր, կրթական ծրագրեր, տիկնիկավարություն, ինտերակտիվ ներկայացումներ

Մարտի 20, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցեր է կատարում նախարարության ենթակայության թատրոններ՝ ծանոթանալու «Թատերական շաբաթ» ծրագրի նախապատրաստական աշխատանքներին:

Երևանի խամաճիկների պետական թատրոնում նախարարի տեղակալը շրջել է տնօրեն Ռուբեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ծանոթացել Թատերական շաբաթվա միջոցառումների ծրագրին:

Ռուբեն Աբրահամյանի տեղեկացմամբ՝ Թատերական շաբաթվա շրջանակում թատրոնն իր փոքրիկ այցելուներին առաջարկում է երկու կրթամշակութային ծրագիր՝ «Դպրոցից՝ թատրոն» խորագրով և մասնակցություն ինտերակտիվ ներկայացմանը:

««Դպրոցից՝ թատրոն» ծրագրի շրջանակում երեխաները կծանոթանան ներկայացման ստեղծման ողջ ընթացքին: Կընտրվի որևէ հեքիաթ, երեխաների հետ այն կընթերցենք, այնուհետև նրանց ստեղծագործական երևակայության, առաջարկությունների, հուշումների հիման վրա կբեմադրվի այդ հեքիաթը: Մեզ անչափ հետաքրքիր են երեխաների կարծիքները տվյալ երևույթների և կերպարների վերաբերյալ․ նրանց պահանջներն ու դիտարկումները տեղ կգտնեն ներկայացման բեմադրական աշխատանքներում: Բեմի հատվածում դերասանները երեխաներին կծանոթացնեն տիկնիկավարության հմտություններին, կսովորեցնեն վարել տարբեր տեսակների խամաճիկ տիկնիկներ, այնուհետև կշրջեն թատրոնում, լուսաձայնային արտադրամասում, արհեստանոցներում և կտեսնեն, թե ինչպես են պատրաստվում տիկնիկները, դեկորացիաները, կհաղորդակցվեն թատերական նկարչության ու քանդակագործության նրբություններին: Ծրագիրը կարևոր է շարունակականությամբ. հետաքրքիր է, որ իրենց մասնակցությամբ բեմադրված տվյալ ներկայացումը հետագայում երեխաները կարող են դիտել թատրոնի բեմում՝ ամբողջությամբ բեմադրված»,- ասել է թատրոնի տնօրենը:

Տնօրենի տեղեկացմամբ՝ մյուս ծրագիրը երեխաների մասնակցությամբ և օգնությամբ ինտերակտիվ ներկայացում է. հեքիաթասացը պատմում է հեքիաթը, իսկ երեխաները հանդես են գալիս որպես դերասաններ և ազատ կերպով ստեղծագործում, ստեղծում իրենց ցանկալի մթնոլորտը:

««Թատերական շաբաթվա» շրջանակում կրթական այս ծրագրերն անվճար են, միայն անհրաժեշտ է նախապես զանգահարել Երևանի խամաճիկների պետական թատրոն և գրանցվել: Այս պահին արդեն ունենք հայտեր. մեկ խմբում գրանցում ենք 30 հոգի: Բանակցում ենք մարզերի և սահմանամերձ համայնքների դպրոցների հետ, երեխաներին հրավիրում մասնակցելու կրթամշակութային ծրագրերին: Նախորդ տարի Թատերական շաբաթվա ընթացքում Խամաճիկների պետական թատրոնի կրթական միջոցառումներին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 200 երեխա»,- ասել է Ռուբեն Աբրահամյանը և հավելել, որ այս տարի թատերական շաբաթը մեկնարկելու և ավարտվելու է «Գեղեցկուհին և հրեշը», «Գտնված երազ» ներկայացումներով:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հանգամանորեն ծանոթանալով Խամաճիկների պետական թատրոնում ընթացող տեխնիկական և ստեղծագործական նախապատրաստական աշխատանքներին, գոհունակություն է հայտնել, որ թատրոնը բոլոր առումներով պատրաստ է դիմավորելու փոքրիկ հանդիսատեսին:

«Թատերական շաբաթվան ընդառաջ՝ շրջայցերի արդյունքում արձանագրել եմ, որ թատրոնները և՛ բովանդակային, և՛ տեխնիկական, և՛ կրթական բաղադրիչի ապահովման առումներով առաջարկում են նոր և հետաքրքիր միջոցառումներ՝ մասնակիցներին ներգրավելով ստեղծագործական գործընթացներում»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նշենք, որ մարտի 22-30-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն