ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար:
Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը:
Համաժողովին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Բրիտանական խորհրդի աջակցությունը՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական զարգացմանն տարատեսակ ծրագրերին:
«Բրիտանական կրթական համակարգը լավագույններից է աշխարհում ու թեև շատ տարբեր է հայկականից, այնուամենայնիվ, դրա բազմաթիվ տարրեր կարող ենք տեղայնացնել մեր կրթական համակարգում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ վստահություն հայտնելով, որ ուսուցիչների ձեռքբերումները, ինչպես նաև նրանց կողմից արձանագրված խնդիրներ և կարիքները կարևոր նախադրյալներ են դասավանդման արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից:
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին և ոլորտային առաջնահերթություններին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները:
«Չափորոշչի ներդրման շրջանակում թեև մենք շատ ենք խոսում ԲՏՃՄ առարկաների կարևորության մասին, բայց ոչ պակաս կարևոր են հումանիտար կրթությունն ու մասնավորապես՝ օտար լեզուների դասավանդումը: Ցանկացած ուղղությամբ հաջողության հասնելու համար օտար լեզուն, և մասնավորապես՝ անգլերենի իմացությունը, հիմնաքարային գործոններից մեկն է: Հուսով եմ՝ բոլոր այն աշխատանքները, որ իրականացվում են թե՛ պետական ծրագրերի, թե՛ գործընկեր կառույցների, մասնավորապես՝ Բրիտանական խորհրդի հետ համագործակցության շրջանակում, իրապես օգնում են ուսուցիչների մասնագիտական զարգացմանը: Մասնագիտական զարգացման ծրագրերը պետք է օգնեն, որպեսզի ուսուցիչները կարողանան գնահատել և տեսնել սովորողների առաջընթացը՝ որպես արդյունք դիտարկելով մասնագիտական զարգացման ծրագրի ուղղակի ազդեցությունը լեզվի դասավանդման որակի վրա: Օտար լեզուների դասավանդումը, բացի լեզվի ուսուցումից, նպաստում է նաև երեխաների ավելի լայն աշխարհայացքի ձևավորմանը, տվյալ երկրի պատմության ու մշակույթի ճանաչողությանը: Այս կարողություններն ուղղակիորեն կապ ունեն չափորոշչով սահմանված վերջնարդյունքների և այն պահանջների հետ, որոնք դրված են 21-րդ դարի շրջանավարտի առջև»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ ներդրվել է կարիքի վրա հիմնված վերապատրաստման համակարգը: Ըստ այդմ՝ ուսուցիչները գնահատում են մասնագիտական զարգացման սեփական կարիքը, նույն ուսուցչի կարիքը գնահատվում է նաև դպրոցի տնօրինության կողմից, և արդյունքում՝ առաջարկվում է նպատակային վերապատրաստում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ անգլերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման չափանիշներն ու կարիքի գնահատման գործիքակազմը մշակվել են հենց Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ:
«Այս ուղղությամբ շարունակաբար աշխատում ենք Բրիտանական խորհրդի հետ: Այս տարի ևս աշխատել ենք ուսուցիչների զարգացման մասնագիտական չափանիշներն առավել կատարելագործելու շուրջ՝ գործընթացն ավելի արդյունավետ և որակյալ կազմակերպելու նպատակով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել նաև դպրոցների կառավարման գործընթացում իրականացված փոփոխությունը, որը, ըստ նրա, կրթության որակի բարելավման կարևոր բաղադրիչ է: 2023 թվականից ներդրվել է դպրոցների կառավարման նոր մոդելը, որով առանձնացվել է դպրոցների բովանդակային և վարչատնտեսական կառավարումը: Ամբողջությամբ փոխվել է նաև տնօրենների ընտրության և նշանակման կարգը: Ըստ այդմ՝ տնօրենի թեկնածուն նախ ներկայացնում է զարգացման ծրագիր, որն ուղարկվում է փորձաքննության: Դրական եզրակացություն ստանալու պարագայում՝ տվյալ թեկնածուն հրավիրվում է հարցազրույցի:
«Հայաստանի 300-ից ավելի դպրոցներում չունենք տնօրեններ, ինչը նշանակում է՝ մարդկային ռեսուրսի լուրջ կարիք ունենք: Յուրաքանչյուր ուսուցիչ, որն ունի առաջնորդական կարողություններ, փորձառություն դպրոցում և պատկերացնում է՝ ինչպես կարող է զարգացնել այս կամ այն հաստատությունը, կարող է փորձել իր ուժերը դպրոցի կառավարման բարդ ու պատասխանատու գործում: Դպրոցներին պետք են նոր շունչ, նոր մոտեցումներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր համակարգով նշանակված տնօրենները պետք է ատեստավորվեն՝ ներկայացնելով կատարողականի հաշվետվություն. «Այս գործընթացը գնահատելու և կանոնակարգելու նպատակով կրկին աշխատում ենք Բրիտանական խորհրդի հետ, փորձում ենք ուսումնասիրել բրիտանական դպրոցների կառավարման փորձը՝ հասկանալու, թե ինչ քայլեր են անհրաժեշտ տնօրենների ատեստավորման գործընթացն ավելի համակարգված իրականացնելու համար»:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է համաժողովին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ակտիվ մասնակցությունը:
«Կարևոր է, որ ապահովվի ոչ միայն արդեն իսկ աշխատող ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը, այլև ապագա ուսուցիչների: Նմանօրինակ ծրագրերն աջակցելու են նաև համալսարանական կրթության բարելավմանը: Այս նկատառումով բարձրագույն ուսումնական հաստատությունները, մասնավորապես՝ Մանկավարժական համալսարանը, ակտիվ ներգրավված է նաև գործող ուսուցիչների վերապատրաստման գործընթացում: Անելիքներն ու մարտահրավերները շատ են, բայց վստահ եմ՝ կարողանալու ենք կրթական համակարգը դարձնել այնպիսին, որ կարողանանք թողարկել կարողունակություններով, հմտություններով, գիտելիքներով և արժեքներով շրջանավարտներ, որոնք արագ փոփոխվող աշխարհում կլինեն ավելի ճկուն և ուժեղ»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանի խոսքով՝ համաժողովի երկու օրերի ընթացքում քննարկվել են անգլերենի ուսուցման ժամանակակից միտումները և մեթոդաբանությունները՝ ուսումնասիրելով նաև Միացյալ Թագավորության փորձառությունը:
Երկօրյա համաժողովի ընթացքում պանելային հանդիպումներով քննարկվել են մի շարք թեմաներ՝ անգլերենի զարգացման հեռանկարները, դասարաններում միջմշակութային հաղորդակցության զարգացումը, բառամթերքի հարստացմանն ուղղված մեթոդները, SMART նախագծերի ներառումը դասընթացում, լսումների արդյունավետության բարձրացումը, ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման համաշխարհային և տեղական փորձի ուսումնասիրությունը և այլն: Հիմնական ելույթներով հանդես են եկել հրավիրյալ բանախոսներ Քրիստոֆեր Գրեհեմը և Տատյանա Սլիեպչևիչը: Վերջինս անցկացրել է նաև Բրիտանական խորհրդի TeachingEnglish ծրագրի հատուկ նստաշրջանը: Տեղացի ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների կողմից անցկացվել են 20 զուգահեռ աշխատարաններ ու զեկույցներ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց