ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային քննարկում՝ Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի հանդիպումներին ընդառաջ

Դեկտեմբերի 27, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստը։

Նիստում, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 12-20-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, հանձնաժողովի մյուս անդամները, այդ թվում` ներկայացուցիչներ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հեռարձակող ընկերությունից, մարզական կառույցներից և այլն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակը՝ հաշվի առնելով մեր երկրի՝ միջազգային խոշոր մարզական մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձը: Նախարարը շեշտել է աշխատանքների` ժամանակին և պատշաճ կազմակերպման նպատակով ջանքերի մեկտեղման առաջնահերթությունը։

Մրցաշարի անցկացման վայրը, համաձայն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի սահմանած չափանիշների, պետք է ապահովված լինի հանդերձարաններով՝ համապատասխան կահավորմամբ, օդափոխման, սառեցման և այլ համակարգերով։

Քննարկվել է նաև հեռարձակման հարցը․ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի բոլոր հանդիպումները կցուցադրվեն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերության եթերում:

Կարևորվել են նաև անվտանգային պայմանների, շտապ օգնության ծառայության ապահովման, մրցաշարի տոմսային քաղաքականության, երկրպագուների համար քաղաքի տարբեր հատվածներում ֆան-գոտիների ստեղծման և այլ հարցեր: Ակնկալվում է, որ առաջնության հանդիպումներին կկարողանա ներկա լինել շուրջ 500 հանդիսատես:

Քննարկվել է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականի նախապատրաստական պատշաճ փուլ անցնելու անհրաժեշտությունը՝ ուսումնամարզական հավաքների անցկացման միջոցով: Անդրադարձ է եղել նաև տեխնիկական հարցերին, այդ թվում՝ թիմի հանդերձանքի ու սաղավարտների ապահովման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն