ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Փոփոխություն հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում

Օգոստոսի 29, 2024
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարության ամենակարևոր ուղղություններից է որակյալ կրթության հասանելիության ապահովումը, որի նպատակով առանցքային է ուսուցչի մասնագիտական զարգացման արդյունավետ համակարգ ունենալը, որն էլ իր հերթին խթանում է ուսուցիչների մասնագիտական որակների շարունակական բարելավումը՝ դրանով իսկ նպաստելով ավելի որակյալ դասավանդմանը:

«Այս ուղղությամբ կարևորագույն բարեփոխում էր ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի լավարկումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել առավել թիրախային և արդյունավետ: Այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ. գնահատվել է ավելի քան 6000 ուսուցիչ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Միաժամանակ, գործընթացի մեկնարկը ցույց տվեց, որ վերապատրաստման կարգում հավելյալ հստակեցումների և ճշգրտումների կարիք կա, որն էլ իրականացվում է ներկայացվող նախագծով»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը. ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է՝ 1 տարի, եթե առկա են ավելի տարրական մակարդակի հմտություններ և կարողություններ, և ավելի երկար է՝ մինչև 5 տարի, երբ ուսուցիչն ավելի փորձառու է և ունի բարձր որակի հմտություններ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագծով հստակեցվել են նաև կարիքի գնահատման պարագայում առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման և այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները: Այդ ուսուցիչների համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ: «Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի և այնուհետև մասնակցի կամավոր ատեստավորման գործընթացին»,-մանրամասնել է նախարարը:

Նրա խոսքով՝ հստակեցվել է նաև սկսնակ, այսինքն՝ մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման և վերապատրաստման դրույթը, որով այս խմբի ուսուցիչներին ավելի թիրախային աջակցություն է ցուցաբերվելու: Հստակեցվել են նաև վերապատրաստման արդյունավետության և մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ դպրոցների տնօրենների կողմից. «Կարևոր է, որ այս գործընթացը կապվում է նաև տնօրենների ատեստավորման համակարգի հետ, որը նույնպես ներդրման փուլում է: Հստակեցվել են նաև մի շարք այլ դրույթներ, որոնք ավելի միանշանակ են դարձնում կարգի կիրառությունը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է մանրամասնել, թե ինչպիսին է վերապատրաստման գործընթացի առնչությունը կամավոր ատեստավորմանը, որին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուսուցիչները գնահատվում են տարբեր ուղղություններով, և յուրաքանչյուր ուղղությամբ նրանք կարող են ունենալ հմտությունների տարբեր մակարդակ: «Առաջինը տարրական մակարդակն է, որի պարագայում գնահատվում է առարկայական գիտելիքի իմացության մակարդակը, և եթե ուսուցիչն ունի նման խնդիր, ապա պետությունը կազմակերպում է այդ ուղղությամբ վերապատրաստում: Այդ խմբի ուսուցիչները սեպտեմբերից սկսած արդեն կարող են մասնակցել վերապատրաստմանը և ապա՝ կամավոր ատեստավորմանը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային եղանակով: Սա նշանակում է, որ կամավոր ատեստավորման հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին կլինեն»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի կարիքի գնահատում անցած ավելի քան 6000 ուսուցչից այս պահի դրությամբ 543-ը գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, հետևաբար նրանք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը: Մյուս ուսուցիչներին, որոնք հետազոտող և վերապատրաստող ուսուցիչներ են, կախված իրենց գնահատման մակարդակից՝ 3-րդ կամ 4-րդ, կտրամադրվի այլ կարգի աջակցություն, օրինակ՝ համաժողովների մասնակցություն, սեփական հետազոտական աշխատանքների իրականացում և այլն: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ վերապատրաստումն իրականացնելու է 24 երաշխավորված կազմակերպություն և անկախ նրանից, թե որ կազմակերպություն է վերապատրաստել, դրա արդյունքը գնահատվելու է կենտրոնացված՝ գնահատելու գործընթացի արդյունավետության աստիճանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…

  • Արհեստական բանականությունը՝ գործընկեր, թե՞ սպառնալիք անգլերենի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ղազարյան

    Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…