ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է». Ժաննա Անդրեասյան

Մայիսի 23, 2024
Մշակութային լուրեր

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ նաև դպրոցականների մասնակցությունն ապահովող միջոցառումները. «Ինչպես գիտեք, այս տարի հոբելյանական տարի է, և ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելու բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված թե՛ Շառլ Ազնավուրին, թե՛ Երվանդ Քոչարին: Բայց մենք հատկապես կարևորում ենք սովորողների մասնակցությունը, քանի որ ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների ժառանգությունը պահպանելու և տարածելու առումով, ստեղծած արժեքները հանրահռչակելն է ու նրանցից անընդհատ սովորելը: Կարևոր է, որ այս իրադարձությունները տեղ են գտնում նաև մեր կրթական միջավայրում: Այս մրցույթները միտված են մեր մեծերի մշակութային ժառանգության ճանաչելիությանը, պահպանմանը և տարածմանը»:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցներին և ընտանիքներին, որոնք ձևավորում են այն մթնոլորտը, որտեղ սովորողը, ի թիվս բազմաթիվ զբաղմունքների, ընտրում է հենց կրթամշակութային բովանդակությունը:

«Դուք ձեր ժամանակը կարող էիք տրամադրել բազմաթիվ այլ զբաղմունքների, բայց ընտրել եք սովորելը, ուսումնասիրելը, պրպտելը: Սա ցույց է տալիս, որ ձեր մանկավարժներն ու ընտանիքներն արվեստի, մշակույթի, երկրի պատմության իմացության կարևորությունն առաջնային են համարել և խրախուսել են ձեզ հենց այդ միջավայրում: Այսօրվա հաղթանակն էլ ձեր նախընթաց ջանքերի ու աշխատանքի արդյունքն է»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մրցույթում հաղթել են այն սովորողները, որոնք եղել են ամենաարագը, ամենագիտակը և ամենահնարամիտը:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ևս ողջունել է մասնակիցներին՝ մեջբերելով Երվանդ Քոչարի խոսքերը՝ ուղղված երիտասարդներին. «Սիրելի՛ երիտասարդներ, դուք եք հայ ժողովրդի դարավոր իղձերի, պայծառ ու գեղեցիկ ապագայի հուսո երաշխիքը: Եվ պետք է լինել առողջ և հուժկու, մշտապես ունենալ մեծ երազանքներ և վստահ լինել, որ ձեր ոչ մի ճիգ, ոչ մի ջանք չեն կորչելու: Ամեն ինչ արդարացվելու է, ձեր երազանքներն իրականանալու են»:

Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել մրցույթի կազմակերպման համար և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ հետաքրքրվելու, ուսումնասիրելու և ճանաչելու հայ անվանի արվեստագետներին, որոնցով նախկինում գուցե այնքան էլ հետաքրքրված չէին:

«Ես Քոչարի մասին մակերեսային գիտելիք ունեի: Այս մրցույթից հետո շատ մեծ ցանկություն ունեմ նրա արվեստը ուսումնասիրելու, ճանաչելու: Նրա «Պատերազմի արհավիրքը» կտավից արդեն հասկացել եմ, որ նրա արվեստում յուրաքանչյուր դետալ կարևոր է և խորը փիլիսոփայություն ունի»,- մեկնաբանում է Թամարա Մակարյանը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցից: Իսկ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Ավետիքյանը և Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյանը, որոնք մեծ սեր ու հետաքրքրվածություն ունեն Ազնավուրի հանդեպ, ընդգծել են՝ թեև շատ են սիրում Ազնավուր լսել, կարդալ, բայց այսուհետ ավելի խորքային կուսումնասիրեն, կփորձեն ավելի շատ ճանաչել աշխարհահռչակ շանսոնյեին:

Նշենք, որ մրցույթները կազմակերպվել էին «Ազնավուր» հիմնադրամի և Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ: Դրանք նախատեսված էին դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: