ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:
Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։
Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները.
1. ՏԱՐՐԱԿԱՆ - երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։
2. ՁԵՌՆԱՀԱՍՈՒԹՅԱՆ - այս մակարդակն իր մեջ ներառում է նաև տարրական մակարդակը. ուսուցիչը գիտի, կիրառում է իր գիտելիքն ու հմտությունները և ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, դրսևորել նշված կարողությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության։
3. ՏԻՐԱՊԵՏՄԱՆ - ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր։
4. ՓՈՐՁԱԳԵՏԻ - ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։
Յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ուսուցիչը պետք է տիրապետի նաև նախորդների վերջնարդյունքներին։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստումներն իրականացվում են առկա կամ հիբրիդ կամ հեռավար եղանակով։ Կազմակերպվող ծրագրի իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (ակադեմիական ժամ)՝
ա) տարրական և ձեռնահասության մակարդակներ՝ 228 ժամ, որից 90 ժամը հատկացված է առարկայական գիտելիքների զարգացմանը։
բ) տիրապետման մակարդակ՝ 72 ժամ։
գ) փորձագետի մակարդակ՝ 36 ժամ։
Տարրական և ձեռնահասության մակարդակներին համապատասխան իրականացվում է մեկ վերապատրաստում, տիրապետման և փորձագետի մակարդակներին համապատասխան՝ առանձին վերապատրաստումներ։
Ուսուցիչն ինքնագնահատման միջոցով որոշում է, թե վերապատրաստման յուրաքանչյուր բաժնից որ մակարդակի վերապատրաստմանն է ցանկանում մասնակցել։ Ուսուցչին գնահատում է նաև տնօրենը, և արդյունքում ձևավորվում է ուսուցչի կարիքը՝ ըստ բաժինների։ Գնահատումն իրականացվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը:
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։
Վերապատրաստող կազմակերպություններն ինքնուրույն են որոշում այն բաժինը (ները), վերապատրաստման մակարդակը և եղանակը, որի վերապատրաստումը ցանկանում են իրականացնել։
Մինչև վերապատրաստվողի դպրոցի հետ վերապատրաստման պայմանագիր կնքելը կազմակերպությունը դիմող ուսուցչի համար կազմակերպում է վերապատրաստման մակարդակին վերապատրաստվողի համապատասխանության հայտորոշիչ գրավոր ստուգում։ Այն կազմակերպվում է տիրապետման և փորձագետի մակարդակների ժամանակ՝ տվյալ մակարդակին նախորդող մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան։
Եթե վերապատրաստվողը չունի նախորդ մակարդակին համապատասխան գիտելիքներ, ապա վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին չի ընդգրկում վերապատրաստվողների ցուցակում և չի կնքում համապատասխան պայմանագիր դպրոցի հետ։
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցը և տեսաբացատրությունը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=F9M4DuT31cA։
Հավելենք, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով՝
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…