ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը». Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 23, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ուսանողներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին ու գիտական փորձերին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիային նմանօրինակ նախաձեռնության համար՝ առանձնակի ընդգծելով դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանն ուղղված ջանքերը: ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում կարևորել է նաև գիտության հանրամատչելիության ու հանրայնացման կարևորությունը՝ դեռահասների և երիտասարդների համար դեպի գիտություն տանող ճանապարհը գրավիչ և տեսանելի դարձնելու տեսանկյունից:

«Կարևոր է, որ այդ առումով մենք ակադեմիայի հետ գործում ենք մեկ միասնական դաշտում ու հարթակում, քանի որ այդ կապի ամրապնդմանն է ուղղված նաև ՀՀ կառավարության քաղաքականությունը: Մեր դպրոցականները, իսկապես, ունեն հրաշալի գաղափարներ, որոնց իրագործման համար պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները՝ վստահ լինելով, որ ապագա գիտնականների հրաշալի խումբ ունենք: Առանձնահատուկ պատասխանատվություն է, որ այսօր մեր գործող գիտնականները ճանապարհ հարթեն այն երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են գիտությամբ և արդեն իսկ իրենց առաջին քայլերն են կատարում երևույթները հետազոտելու, կապերը բացահայտելու և հանրության համար օգտակար աշխատանք անելու ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ կառավարության պետական քաղաքականությունը միտված է գիտության ոլորտի պետական ֆինանսավորման շարունակական աճին. իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ արձանագրվում է գիտնականների և հետազոտողների աճ, որտեղ մեծ է երիտասարդների թիվը:

«Սա նշանակում է, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Այս տարի ևս մեկ կարևոր անելիք ունենք. մշակվելու է Գիտության զարգացման ռազմավարությունը: Հույս ունեմ, որ նաև այս աշխատանքի հիման վրա կկարողանանք ճիշտ սահմանել թիրախներն ու անելիքները, որոնք նպաստելու են գիտության ոլորտի զարգացմանը և ապահովելու են ավելի բարձր արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու նմանօրինակ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև առաջարկել դիտարկել ՀՀ մարզերում ևս գիտության ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսը կրելու է շարունակական բնույթ և կազմակերպվելու է տարին առնվազն երկու անգամ:

«Գիտությունների ազգային ակադեմիան կարևորում է այս ձևաչափով գիտության ցուցահանդեսների անցկացումը, քանի որ դրանք յուրահատուկ հարթակ են դպրոցականների, ուսանողների և գիտաշխատողների միջև շփումների համար: Սա հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ երեխաներն արդեն դպրոցից ծանոթանում են Գիտությունների ակադեմիային, պատկերացում են կազմում գիտության և գիտական գործունեության մասին, ինչպես նաև շփվում են տարբեր գիտնականների հետ, մասնակից դառնում տարբեր գիտական փորձերի: Այս ամենը, իսկապես, շատ կարևոր է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից: Ցանկացած պետության և հասարակության համար դպրոց-բուհ-գիտություն կապի փոխկապակցված զարգացումն առանցքային նշանակություն ունի: Դպրոցականների, ուսանողների և գիտաշխատողների միջև շփումների սերտացումը և կապերի զարգացումը ԳԱԱ կարևոր ռազմավարական ուղղություններից են»,- նշել է Աշոտ Սաղյանը:

ԳԱԱ նախագահի խոսքով՝ առաջիկայում նմանօրինակ միջոցառում կազմակերպվելու է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների համար:

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացումից հետո Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մեկնարկել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…

  • Մակերեսի ուսուցման մեթոդիկան տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Muradyan-77

    Ամփոփում: Հոդվածում ներկայացվում են տարրական դպրոցում մակերեսի և դրա չափման միավորների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները: Մակերեսի գաղափարի ձևավորումը տարրական դասարաններում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն սովորողների մոտ զարգացնում է տարածական…

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…