ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:
Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:
Մասնագիտական խորհրդի անդամները, քննարկելով ներկայացված հայտերը, կարևորել են մշակութային արժեքների բնութագրական տվյալներն ըստ խորհրդի սահմանած բառաքանակի ներկայացնելու անհրաժեշտությունը՝ տեքստերն առավել ամփոփ և բովանդակային դարձնելու տեսանկյունից: Ընդգծվել է արժեքների պատմական տեղեկանքի, տեքստերի կառուցվածքի, տեղավայրերի և տերմինաբանության հստակեցման, վերնագրերի և բովանդակության համապատասխանեցման, ներկայացված ավանդույթների պարզաբանման և ճշգրիտ նկարագրման կարևորությունը:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:
Տեղեկանք: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n88jnmm:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Նարեկացի» արվեստի միությունում ներկա է եղել «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով գրական ցերեկույթին՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյա հոբելյանին:
Սահյանաշունչ օրվա մտահղացումը կյանքի էր կոչվել Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցների համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են երկու դպրոցների 50 աշակերտներ՝ ներկայացնելով սահյանական պոեզիայի աշխարհը:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ, Համո Սահյանի որդին:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և դպրոցների միջև ձևավորված գեղեցիկ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նախարարությունը խրախուսում է դպրոցների միջև փորձի փոխանակումը և համատեղ նախագծերի իրականացումը, որը հանրակրթության նոր չափորոշչի գլխավոր ուղղություններից է:
«Համոզված եմ, որ Համո Սահյանի անկրկնելի պոեզիայի շուրջ ստեղծված բարեկամությունն ամուր հիմքեր ունի, որը կարող է նոր դրսևորումներ ստանալ՝ իր շուրջը համախմբելով դպրոցականներին, ուսուցիչներին, գրականության և այլ ոլորտի ներկայացուցիչներին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառման ընթացքում մեծանուն բանաստեղծի մասին հուշեր է պատմել նրա որդին՝ Նաիրի Սահյանը:
«Հայրս համեստ ու հասարակ մարդ էր, միշտ ասում էր՝ «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Բայց, միևնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչև հոգուդ հատակը: Հայրենիքը միշտ համեմատում էր մոր հետ»,- պատմել է Նաիրի Սահյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին:
Միջոցառման ավարտին հյուրերը գրքեր են նվիրել դպրոցների գրադարաններին և հույս հայտնել, որ լավագույն փորձի տարածմանը նպաստող նախաձեռնությունները կլինեն շարունակական:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Հարություն Մերդինյանը, դուրս են եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն առաջին տեղով է դուրս եկել հենացատի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:
Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը: Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում հավաքել է 14,733 միավոր, Ավետիսյանը՝ 14,666։ Մերդինյանը 14,600 միավոր է հավաքել նժույգ-թափեր վարժության որակավորման փուլում:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Վահագն Դավթյանը Փարիզ-2024-ի ուղեգիր կնվաճի, եթե օղակների վարժության եզրափակչում զբաղեցնի առաջին հորիզոնականը: Նժույգ-թափերի և օղակների եզրափակիչները կկայանան այսօր երեկոյան:
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը, նախապատրաստվելով աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, մարտի 30-ից ապրիլի 12-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Վրաստանում:
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարն ապրիլի 18-ին պաշտոնապես բացվել է լայն հանրության համար։
Այն ներկայացված է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով Վենետիկի «Մագազինո դել սալե» հարթակում:
Հայաստանի տաղավարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Սարգիս Սարուխանյանը, տաղավարի հովանավորներ «Գաֆէսճեան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը և «Ֆաստեքս» կազմակերպության հիմնադիր Վիգեն Բադալյանը:
Տաղավարի հանձնակատարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է, իսկ համադրողը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը. «Այս հարթակը Եվրոպայի մշակութային զարկերակներից մեկն է, որտեղ մշտապես ներկայացվում են հետաքրքիր նախագծեր։ Արվեստագետ Նինա Խեմչյանի աշխատանքը ոչ միայն հոգևորի, այլև տիեզերականի, մարդկային էության և աշխարհի ընկալման մասին է։ Նինա Խեմչյանը մեզ հրավիրում է մտածելու անցյալի, ներկայի և ապագայի շուրջ»։
Դանիել Դանիելյանը նաև ընդգծել է, որ այս հեղինակավոր հարթակում պետությանը ներկայացնելը յուրաքանչյուր արվեստագետի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։
«Հաջողությունը կարող է խթանել մեր բազմաթիվ երիտասարդների՝ հետագայում մշակութային բարձր հարթակներում ներկայացնելու իրենց նախագծերը, որոնցից է նաև բիենալեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու արվեստագետների նորարար գաղափարներին։
Հայաստանի տաղավարի բացմանը հնչել են Մեսրոպ Մաշտոցի շարականները՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ։
Հայաստանի ազգային տաղավարի առանցքում հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարներն են, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։ Նինա Խեմչյանի «Արձագանքը» բաղկացած է երկու ծավալուն՝ միմյանց լրացնող և միաժամանակ իրարից սերող ինստալյացիաներից։ Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում՝ կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից տասնմեկը։
Բազմամարդ տաղավարում նախագծի հայեցակարգը հանգամանորեն ներկայացրել են նախագծի համադրող Արմեն Եսայանցը և արվեստագետ Նինա Խեմչյանը։
Հայաստանի տաղավարի գործունեության ընթացքում անցկացվելու են նաև կրթական ծրագրեր ու տարաբնույթ հանդիպումներ։
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։
Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։
Հիշեցնենք, որ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Նպատակն է տարածել ու հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքն ամբողջությամբ հիմնված է գիտական հենքի վրա։ Այստեղ ներկայացված են ոչ միայն պատմամշակութային հուշարձանները, այլև կարևոր ստուգաբանություններ տեղանունների վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ համալրվում են աշխարհի առաջադեմ գրադարանների, մշակութային, հայագիտական կենտրոնների հայկական ֆոնդերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրի պատասխանատուներին:
Քննարկվել է ԱԶԲ-ի նախաձեռնությամբ մշակվող Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության նախագծի կրթության բաղադրիչը:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ծրագրին՝ ներկայացնելով Կառավարության սահմանած թիրախները: Ըստ նախարարի տեղակալի՝ ԱԶԲ-ի «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:
«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից ուսումնական պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ամբողջական միջավայր ստանալու առումով ոչ միայն շենքերի, այլև գույքի թարմացման խնդիր ունենք:
Ծրագրի պատասխանատուները հայտնել են, որ մշակվող ռազմավարության նախագծում նախատեսում են ներառել նաև մշակույթի ոլորտի կառույցների բաղադրիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրագործման ընթացիկ փուլին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
Նախատեսված է մինչև 30 կրթաթոշակային տեղ հետևյալ մասնագիտություններով՝
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակով՝ պատճենի հետ միասին (1+1):
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 6-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ.՝ +37410-59-96-46)։ Լրացուցիչ տեղեկությունների համար ևս կարող եք դիմել նույն հեռախոսահամարով:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին։
Ծանոթություն.
Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ 2024-2025 թթ. համար:
Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում:
Առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել https://www.itecgoi.in/index հղումով:
Առցանց գրանցվելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը և դասընթացի մեկնարկից առնվազն երկու ամիս առաջ այն ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024