Գիտական հետազոտությունների նկատմամբ դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է համադպրոցական գիտության փառատոնը։
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառման ամփոփիչ փուլը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Փոքր հողմային էլեկտրակայանից մինչև «խելացի» աղբամաններ, արբանյակների հետազոտումից մինչև այլընտրանքային էներգիայի ստացում, Երևանի հին ու նոր պատմություններից մինչև Գրիգոր Զոհրապի նովելների բեմականացում․ փառատոնում ներկայացվել է շուրջ 70 հետազոտական աշխատանք՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում։
«Գիտության փառատոնի կազմակերպումը շատ կարևոր է դպրոցներում գիտության հանրայնացումն ապահովելու առումով: Այստեղ գտնվող երեխաներից յուրաքանչյուրը սկսում է հետազոտել, հետաքրքրվել գիտական հետազոտություններով, պատկերացում կազմում, թե ինչպիսի կարևոր և հետաքրքիր գործընթաց է գիտական և հետազոտական աշխատանքը։ Նրանց մեծ մասի համար սա դառնում է մասնագիտական կողմնորշման ամուր հիմք, որովհետև իրենց ընտրած թեման ուսումնասիրելով՝ սկսում են պատկերացնել՝ ինչով են ուզում զբաղվել հետագա գործունեության ընթացքում: Փառատոնը էապես ազդում է կրթության որակի վրա․ նախագծերի մեծ մասը ներկայացված է բնական գիտությունների այնպիսի ուղղություններով, որոնց որակի բարելավումը կարևորում ենք ՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն: Այսպիսով՝ մեր երեխաները նաև դպրոցներում կրթության որակի բարելավման ևս մեկ մեխանիզմ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ ամեն տարի այս փառատոնից դրական տպավորություններ է ստանում, որովհետև տեսնում է՝ տարբեր դպրոցների աշակերտներ, իրենց ուսուցիչների գլխավորությամբ, անդրադառնում են արդիական խնդիրների ու նորարար լուծումներ առաջարկում: «Կարևոր է, որ մեր երեխաների համար ստեղծենք պայմաններ՝ զարգանալու, կրթվելու, իրենց մտքերն ու գաղափարներն իրականացնելու համար: Կարևոր եմ համարում, որ մեր երեխաներն անդրադառնում են իրենց համայնքին և շրջապատին առնչվող խնդիրներին, ինչը նշանակում է, որ նրանք ուշադիր են, նկատում են առկա պրոբլեմները և փորձում են հենց այդ հարցերի լուծումները գտնել գիտության և հետազոտության միջոցով, որն էլ մեր կրթական համակարգի բարեփոխումների ամենաուղիղ նպատակն է։ Մեր երեխաների գաղափարները ցույց են տալիս, որ հուսալի ապագա ունենք։ Նրանք իրենց արժեքային դիրքորոշումներով մեր վաղվա արժանապատիվ և ստեղծագործ քաղաքացիներն են, որոնք լուծելու են մեր երկրի խնդիրները»,- ասել է նախարարը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ ներկայացված գաղափարների շուրջ պետք է շարունակաբար մտածել, քննարկել, փորձարկել և դրանք ավելի լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել։ ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի հատկացումները․ 2018-ի համեմատ դրանք աճել են 280 տոկոսով, և եթե կա գաղափար, որի արդյունքը կիրառելի է, պետությունը պատրաստ է աջակցել։
Այս տարի համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպչական նորությունն այն է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս մասնակցում են նախագծերի գնահատմանը՝ հանդես գալով գիտական կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովում։ «Շատ կարևոր է, որ սովորողները գնահատեն սովորողներին։ Դա հանրակրթության նոր չափորոշչի գնահատման մեթոդաբանություններից մեկն է, երբ աշակերտը սովորում է գնահատել իր հասակակցի աշխատանքը»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ փառատոնը կարևոր է նաև միջազգային հարթակներում աշակերտների մասնակցությունը խրախուսելու առումով։
Նախարարը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել աշխատանքների մանրամասներով, աշակերտների հետ զրուցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցերով։ Նա մասնակիցներին կոչ է արել շարունակել նույն ոգևորությամբ՝ մաղթելով հաջողություն։ Աշակերտները նշել են՝ ամիսներ շարունակ ապրել են իրենց գաղափարների, հետազոտությունների կյանքի կոչմամբ, ոգևորվել ստացված արդյունքներով։
Հանձնաժողովի անդամներից Գոռ Մարգարյանի /ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ/ գնահատմամբ՝ փառատոնը շատ հաջողված է և կամրջում է կրթությունն ու գիտությունը՝ ապագայում բուհերում ապահովելով լավ ուսանողների ու հետազոտողների։ Նա ընդգծել է հասարակագիտության և բնագիտության համադրումը փառատոնի ընթացքում․ «Աշակերտները Գրիգոր Զոհրապի նովելների նկարները ստանալու համար օգտագործել էին արհեստական բանականություն, ինչը երկու ուղղությունների միջև ապահովել էր հրաշալի համագործակցություն»։
Նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս շատ ոգևորված էին իրենց նոր պարտականությամբ։ Նրանց հավաստիացմամբ՝ որպես հանձնաժողովի անդամ՝ գնահատելիս առաջնորդվել են անաչառությամբ, ներկայացված գաղափարի նորարարությամբ ու պետության խնդիրների լուծման համար կիրառելիությամբ։
Մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։ Հայկական համադպրոցական գիտության 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլում ՀՀ 30 ուսումնական հաստատությունների անհատական կամ հետազոտական խմբերը ներկայացրել են ուսումնական տարվա ընթացքում գիտական ղեկավարի աջակցությամբ իրականացրած և իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերի արդյունքները։
Գնահատող հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կներկայացվեն «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ։
Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում Հայկ Հեքեքյանն է, երկրորդում՝ Էդուարդ Դայանը, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Լյանա Ուլիխանյանը։
Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրաշալի երեկոյի և կատարումների համար: «Առավոտյան ներկա էի համադպրոցական գիտության փառատոնին, որտեղ մեր երեխաների գիտական մտքին և նորարար գաղափարներին ծանոթանալու հնարավորություն ունեի։ Երեկոյան արդեն պատանի երաժիշտների հրաշալի կատարումներն էի ունկնդրում՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ ունենք տաղանդավոր սերունդ: Պետության գլխավոր անելիքը տաղանդների զարգացման համար նպաստավոր պայմաններ և միջավայր ստեղծելն է: Նպատակադրել ենք ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որը տաղանդավոր երեխաների և երիտասարդների խրախուսման համար աջակցության նոր հարթակ է լինելու: Համոզված եմ՝ դեռ բազում առիթներ ենք ունենալու մեր հրաշալի կատարողներին լսելու ամենամեծ բեմերից»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը դասական երաժշտության միջազգային մրցույթին մասնակցության համար` ընդգծելով նման նախաձեռնություններին պետական խրախուսանքի և ուշադրության կարևորությունը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մրցույթի մասնակիցներին, իսկ Հայկ Հեքեքյանին՝ հաղթական վերադարձ։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթին կարող էին մասնակցել 12-21 տարեկան պատանիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին և երկրորդ փուլերում պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել է լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կատարումներով հանդես են եկել Հանրային հեռուստաընկերության եթերում: Մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակչում հավաքել է 240,7 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Հայ մարզուհին եզրափակիչ էր դուրս եկել երրորդ տեղով՝ 581 միավորով: Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ապահովել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նույն մրցաձևի տղաների պայքարում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:
Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:
Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը հանդես են եկել նաև 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Փարիզ-2024-ի ուղեգրեր են նվաճել լավագույն քառյակում տեղ գրած զույգերը:
Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար այսօր կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում, իսկ Հրաչ Բաբայանն ուժերը կչափի 10 մետր օդամղիչ հրացան ձևում:
Վարկանիշային մրցաշարը կլինի 10 մետր մրցաձևում Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25 մետր և 50 մետր մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։
Վարկանիշային մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։
Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարը կավարտվի ապրիլի 20-ին:
ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:
Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է դրանք իրականացնել առավելագույնը չորս մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական զարգացման կարիքից ելնելով: Մասնագիտական զարգացման կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Ուսուցիչը կիրականացնի ինքնագնահատում, իսկ տնօրենը դասալսումների և ներդպրոցական վերահսկողության գործիքների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը:
Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: Կարգով կարևորվել է տնօրենի գնահատումը. այն կապվելու է տնօրենի ատեստավորման հետ՝ հաշվի առնելով, թե աշխատանքային գործունեության ընթացքում իր գնահատած՝ ուսուցչի մասնագիտական կարիքի համապատասխանությունը որքանով է արդարացված եղել և համապատասխանել է նաև վերապատրաստող կազմակերպության կողմից ուսուցչի մասնագիտական կարիքի ախտորոշիչ թեստավորման արդյունքի, ինչպես նաև վերապատրաստումից հետո ատեստավորված ուսուցիչների թվի հետ:
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է գնահատվել նաև արտաքին դիտարկման արդյունքում՝ դասալսումների միջոցով, որը կարող է իրականացնել այդ իրավունքն ունեցող որևէ կառույց (ԿԶՆԱԿ, մենթոր դպրոցներ և այլն):
Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, իր մոտ բացահայտված մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում:
Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլերի տևողությունը՝
Վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց, որոնք կարող են իրականացվել առկա, էլեկտրոնային, հեռավար և համակցված եղանակներով: Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված է նաև վերապատրաստման եղանակը: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ ավելի մեծ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար այն կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով:
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների.
1) տարրական մակարդակի կարողունակությունը համապատասխանում է առարկայական գիտելիքի իմացության կարիքին, որի համար ուսուցիչը մասնակցում է վերապատրաստմանը.
2) երկրորդ (ձեռնահասության) մակարդակի կարողունակություն ունեցող ուսուցիչը մասնակցում է երրորդ (տիրապետման) մակարդակի վերապատրաստմանը.
3) երրորդ (տիրապետման) և չորրորդ (փորձագիտական) մակարդակների կարողունակություն ունեցող ուսուցիչները մասնակցում են չորրորդ (փորձագիտական) մակարդակի վերապատրաստմանը.
4) առաջին շրջափուլի արդյունքում չորրորդ (փորձագիտական) մակարդակին համապատասխանած ուսուցիչը հաջորդ շրջափուլում չի վերապատրաստվում, մասնագիտական զարգացումն ապահովվում է կրթական ծրագրի բովանդակությանը համապատասխան միջազգային գիտաժողովներին մասնակցության, զեկույցներով հանդես գալու կամ այլ հարթակներում մասնագիտական հոդվածներ հրապարակելու եղանակով՝ պետական միջոցներով կամ համաֆինանսավորմամբ:
Գործընթացը նկարագրված մեխանիզմով իրականացնելու համար վերանայվել են նաև՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը:
Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:
Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել նրանց ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ (թաղիքագործություն, ասեղնագործություն, կավագործություն), որոնք կնպաստեն ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը, փոխանցմանն ու տարածմանը։ Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ:
Այսպիսով, մասնակիցները ձեռք կբերեն նոր մասնագիտություններ ու աշխատանքային հմտություններ, կունենան սեփական արտադրանքի վաճառքի հնարավորություն՝ համագործակցային կապեր հաստատելով և իրենց հերթին շարունակական աջակցություն ցուցաբերելով մյուս արցախցիներին:
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Դավիթ Սաֆարյանը, Դավիթ Սիմոնյանը և գերծանրքաշային Միսակ Տեպանյանը, իսկ Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Նշենք նաև՝ ապրիլի 18-ից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Տղամարդկանց 46-րդ առաջնությանը կմասնակցեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց առաջնությանը կմասնակցեն Լուսինե Գևորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ ):
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվի: Բռնցքամարտիկների համար վարկանիշային կլինի մայիսի 23-ից հունիսի 3-ը Բանգկոկում նախատեսված համաշխարհային միջազգային մրցաշարը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 12-14-ը Երևանում անցկացվել է վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ երրորդ փուլի հանդիպումները։
«Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել է դեռ 2023 թվականի գարնանը, որին մասնակցել են 6 թիմեր՝ մինչ երրորդ փուլը պայքարելով լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Փլեյ-օֆֆ փուլում արդեն մրցելու էին լավագույն 4 թիմերը։
Երկրորդ փուլի արդյունքներով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Վան», ՖԻՄԱ, «Ավան» և «Բրյուսովի պետական համալսարան» թիմերը, որոնք էլ պայքարել են մրցանակային տեղերի համար։
Առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է «Վանը»՝ հաղթելով բոլոր մրցակիցներին և վաստակելով 36 միավոր: Երկորդ տեղը զբաղեցրել է ՖԻՄԱ ակումբը՝ 22 միավորով, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է երիտասարդ մարզիկներով համալրված «Ավան» թիմը՝ 15 միավորով, իսկ լավագույն քառյակը եզրափակել է ԲՊՀ-ի թիմը՝ 13 միավորով։
Կանանց առաջնությունում լավագույն մարզիկներ են ճանաչվել Ելիզավետ Տոնոյանը («Վան»), Լեռնուհի Սարգսյանը (ՖԻՄԱ), Էլեն Առաքելյանը (ԲՊՀ), Սեդա Մաթևոսյանը («Ավան»), Վիկտորյա Գրաբոսկայան (Վան) և Փարիզա Գհանբառնեժադը («Վան»):
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և հատուկ մրցանակներով։ Մրցանակակիր թիմերին պարգևատրել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և ՀՎՖ նախագահության անդամները։
Ավելի վաղ կայացել էին նաև Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ՝ չորրորդ փուլի հանդիպումները։ Ընդ որում, առաջնության եզրափակիչ հանդիպումներում ֆեդերացիայի կողմից առաջին անգամ կիրառվել էր VAR համակարգը, որը վիճահարույց դրվագներում օգնել էր մրցավարներին։ Ի վերջո, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ), հաղթելով բոլոր երեք մրցակիցներին, հռչակվել էր լիգայի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել էր ՖԻՄԱ թիմը, երրորդ տեղը՝ ԲԿՄԱ-ն, իսկ լավագույն քառյակը եզրափակել էր «Գյումրին»։
Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համագործակցության փաստաթղթեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև:
Ոլորտային երկկողմ փաստաթղերի վավերացմանը նախորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև համատեղ հայտարարության ստորագրումը՝ երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, կատարելագործման և բովանդակային համալրման նպատակով:
Ստորագրված համատեղ հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, նշված է նաև, որ կողմերը պարտավորվում են համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև կազմակերպել «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ.» և «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ.» միջոցառումները:
Նախատեսվում է նաև աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Նախատեսվում է ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:
Կողմերը նաև դրական են գնահատել Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է նաև Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրության և տարածման նպատակով մշակութային հարթակի գործարկման կարևորությունը:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ վերջինիս են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն հին ձեռագրերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 27-ը՝ ժամը 18։00-ը ներառյալ։
Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման:
Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am, հղմամբ և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝
մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը.
այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.
հանրային ծառայությունների համարանիշը.
մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.
մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։
Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
անունը, ազգանունը, հայրանունը.
կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
բնակության վայրը (մարզը, համայնքը).
ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
հանրային ծառայությունների համարանիշը.
էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։
Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի մայիսի 18-ին և 19-ին։ Ատեստավորման անցկացման վերջնական ժամանակացույցը կհրապարակվի հայտերն ամփոփվելուց հետո։
Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝
չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910,
մանկավարժական աշխատողների համար - https://support.emis.am/article/909։
Տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին հետևյալ հեռախոսահամարին՝ (+374 10) 578-455:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է պետական և մասնավոր թատրոնների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և ընդգծել բարեփոխումների ճանապարհին երկխոսությունների կայացման կարևորությունը: «Միասնաբար աշխատելով, ցանկացած խնդրի շուրջ համախմբվելով՝ մեր որոշումները, վստահաբար, կլինեն ի շահ թատրոնի: Մասնագիտական դաշտի աջակցության կարիքն ունենք հատկապես օրենսդրական փոփոխություններ իրականացնելիս»,- ասել է փոխնախարարը:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են մասնավոր թատրոնների խրախուսման մոդելների մշակման անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը: Կարևորվել է նաև ոլորտում մեկենասության վարկանիշի ձևավորումը՝ համապատասխան օրենք ունենալու ճանապարհով:
Անդրադարձ է եղել թատրոնների ֆինանսավորման նոր մոդելին, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի կազմակերպությանը տրամադրվում է իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար:
Հանդիպմանը քննարկվել են թատրոնների՝ որպես ենթակառուցվածքների հասանելիության, հաստիքների ձևավորման, անվտանգային համակարգի ուժեղացման, իսկ բովանդակության առումով՝ որակյալ դրամատուրգիա ունենալու վերաբերյալ հարցեր:
Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները:
Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ:
Հանձնաժողովի որոշմամբ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ ապագայի պոլիմեր» և Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի «Ծանր մետաղները ջրում» նախագծերը երաշխավորվել են The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) միջազգային գիտության փառատոնին (Լեհաստան) մասնակցելու համար:
Այս տարի սահմանվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակ, որին արժանացել են Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Խելացի աղբաման» և Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա» նախագծերը: 23 նախագիծ արժանացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակի, որից 3 նախագիծ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», 5 նախագիծ՝ «Ֆիզիկա և աստղագիտություն», 4 նախագիծ՝ «Քիմիա», 6 նախագիծ՝ «Կենսաբանություն» և 5 նախագիծ՝ «Հասարակական գիտություններ» անվանակարգերում: 12 նախագիծ արժանացել է պատվոգրի:
Հիշեցնենք՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024