Որպեսզի մարդկանց սովորեցնեն սիրել արդարությունը, պետք է ցույց տալ անարդարության հետևանքները։
Ահա այսպես սկսվեց Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի VI ա դասարանի դաս֊դատավարությունը, որ կրում էր «Ո՞ւր է կորել արդարությունը» խորագիրը (ուսուցիչ` Ա. Աղայան)։
Թեման` Աղասի Այվազյանի «Գրախանութ» պատմվածքն է, որտեղ փոքրիկ տղան առաջին անգամ իր կյանքում զգաց անարդարության դառը համը։
Դատավարության ընթացքում երեխաները փորձեցին հասկանալ` ինչ է անարդարությունը, երբ է մարդը արդար, որտեղ փնտրել այն։
Պարզապես յուրաքանչյուրը պիտի գիտակցի, որ արդարությունը գործընթաց է, մշտական ու հարափոփոխ, որի մեջ ամեն մեկը պիտի ներդրում ունենա, որ բարությունը սկսվում է հե'նց իրենից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «EdTech Lithuania» ընկերության նախագահ Յուրգիտա Յարուշևիչիենեի հետ:
Հանդիպման առանցքում Հայաստանի և Լիտվայի կրթական համակարգերում իրականացվող բարեփոխումների, մարտահրավերների, ձեռքբերումների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումն էր:
«Մենք շատ կարևորում ենք եվրոպական փորձի ներդրումն ու փոխանակումը, նոր մոտեցումների յուրացումը թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության, թե՛ մշակույթի ու երիտասարդության ոլորտներում»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«EdTech Lithuania» ընկերության նախագահ Յուրգիտա Յարուշևիչիենեն ներկայացրել է Լիտվայի կրթական համակարգը, որի համատեքստում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ուսումնական նյութերի ձևավորման և տպագրման գործընթացին, դպրոցներում սոցիալական աշխատանքներ իրականացնելու, կամավորությունը զարգացնելու, համայնքների հետ աշխատելու անհրաժեշտությանը, ինչպես նաև կրեդիտային համակարգի ներդրման առանձնահատկություններին և կրթություն-աշխատաշուկա կապին:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է լիտվական փորձի ուսումնասիրումը և, ըստ անհրաժեշտության, դրա կիրառումը ՀՀ կրթական համակարգում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը, որն ուղղված է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում երկակի նշանակության հետազոտությունների իրականացմանը և այդ ոլորտում կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Մրցույթը նպատակ ունի աջակցել երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացմանը, նպաստել ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը, զարգացնել գիտական և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքներում ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների:
Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 4-7 անձից բաղկացած գիտական խմբերի՝ ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին: Ներկայացվող գիտական նախագիծը պետք է լինի հեռանկարային և իրագործելի, լինի կիրառելի ինչպես քաղաքացիական նպատակների, այնպես էլ ռազմական կարիքների համար։
Խմբի անդամները չեն կարող ընդգրկվել մրցույթին ներկայացված մեկից ավելի հայտերում։ Նրանցից առնվազն երկուսը կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:
Ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2024թ․ սեպտեմբեր ամսից։
Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է գիտահետազոտական խմբի ղեկավարը https://grants.hesc.am համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մայիսի 24-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ), մինչև 2024 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-18:00, հեռ.՝ +374 10 210 140 (105):
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշինք»-ի (IFLA), ինչպես նաև Լատվիայի, Էստոնիայի և Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը։
Նախագծով սահմանվել են էլեկտրոնային գրադարան, էլեկտրոնային հրատարակություն և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն /լոֆթ/ հասկացությունները:
Բացի այդ՝ օրենքով ամրագրվել է արտերկրի կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Մասնավորապես՝ պետական լիազոր մարմինն ապահովում է արտերկրի գրադարաններում հայկական գրավոր հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքները և հայագիտական ֆոնդի համալրումը՝ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում: Նշյալ մարմինը նաև հաստատում է պետական գրադարանային աշխատողների ատեստավորման կարգը և ապահովում հանրային գրադարանների նկատմամբ մշտադիտարկում։
Նախագծով հստակեցվել են նաև գրադարանների օգտագործման նպատակները. սահմանվել է, որ դրանք գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանգստի կազմակերպման նպատակներով, ինչպես նաև իրենց գործառնական նշանակությամբ:
Նշվել է, որ գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում և վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում և այլն) թույլատրվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը։
Նախագծով պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար սահմանվել է լիազորող նորմ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները:
Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը:
Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաև այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:
Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարևորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ:
«Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի:
Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարևորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։
2024/2025 ուստարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները, դիմելիությունը՝ ըստ բուհերի, նախորդ տարիների ընդունելության արդյունքներն ու տվյալ մասնագիտության համար բուհին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերը։
Մասնավորապես՝ համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների:
Ընդհանուր առմամբ 2024/2025 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նախորդ՝ 2023/2024 ուստարվա բուհերի՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը:
Հաշվի առնելով 2023/2024 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը՝ նախատեսվում է 2024/2025 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Որոշման համաձայն՝ մեկշաբաթյա ժամկետում ԿԳՄՍ նախարարը կհաստատի բուհերում վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները:
Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները:
Կառավարության անդամները կանգառներ են ունեցել «Սպանդարյան» և «Ալմաստ» կայարաններում, որտեղ շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկվել են ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները:
Կարևորվել է տարբեր ուղղություններից Ակադեմիական տանող ճանապարհային ցանցի զարգացումն ու այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը:
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի կառուցումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Ակադեմիական քաղաքը լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ և միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության միջավայր:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /gmp International GmbH Architects and Engineers/ ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ, ՀՀ բուհերի ղեկավարներ, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի ստեղծումը Կառավարության այս պահի ամենախոշոր ծրագիրն է բարձրագույն կրթության և գիտության համակարգում:
«Ակադեմիական քաղաք» ծրագիրն առանձին քննարկվելու է բուհերում և գիտական կենտրոններում
«Ծրագրի բովանդակային բաղադրիչը ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման գործընթացով է պայմանավորված: Ակադեմիական քաղաքը լինելու է այն միջավայրը, որտեղ գործելու են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ծրագրի շուրջ քննարկումները նոր են սկսվում, և առաջիկայում նախատեսվում են առանձին քննարկումներ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:
«Մեր բուհական և գիտական հանրույթի ներկայացուցիչներն ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկելու են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները: Կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ, քանի որ որակյալ որոշումները կարիք ունեն մասնագիտական քննարկումների»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Բուհերն այսօր ֆինանսապես կախված են ուսման վարձերից
Անդրադառնալով բուհական համակարգի խնդիրներին՝ նախարարը նշել է՝ 2006 թվականից բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով: Ըստ նախարարի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը մեծապես կախված են ուսման վարձերից՝ որպես ֆինանսավորման աղբյուր, ինչը շատ հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:
«Բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի: Կառավարությունը զուգահեռաբար սկսել է գիտական համակարգի էական ֆինանսավորման ավելացում և մի շարք գործիքակազմեր է ներդրել՝ խրախուսելու գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվողների թվի աճը՝ հատկապես նպաստելով ոլորտում երիտասարդ գիտնականների ներգրավմանը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով այդ գործընթացում բարձրագույն կրթության որակի բարելավման կարևորությունը:
Առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման բարձրագույն կրթության որակի բարելավում չի կարող լինել
Բարձրագույն կրթության որակի բարելավումը, ինչպես Ժաննա Անդրեասյանն է նշել, առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման անհնար է պատկերացնել. «Այս երկուսի փոխկապակցումը, մի հովանոցի տակ մեկտեղելը մի կողմից բերելու է գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների խողովակի ձևավորման, սերնդափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմի գոյության, մյուս կողմից բարձրացնելու է բարձրագույն կրթության որակը: Եվ ոլորտի ֆինանսավորման ծավալները ևս կարող են էապես աճել շատ ավելի բարձր արդյունավետությամբ»:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել Է՝ պետության կողմից խրախուսվող այս քաղաքականությունը չի կարող լինել միայն Կառավարության ծրագիր. սա պետք է լինի բոլորի՝ բուհերի, գիտական կառույցների ծրագիրը. «Այս դժվարին ճանապարհը միասին ենք անցնելու, որպեսզի հաջողություն ունենանք»,- համոզմունք է հայտնել նախարարը:
Ակադեմիական քաղաքը կլինի մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված նոր միջավայր
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ներկայացնելով ակադեմիական քաղաքի հիմնական նպատակը, նշել է, որ այն լինելու է ոչ միայն ուսումնական ու գիտական տարածք, այլև մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր, որը պետք է գործի 24-ժամյա ռեժիմով: Սարգիս Հայոցյանի գնահատմամբ՝ ակադեմիական քաղաքը, մի կողմից իր շուրջն է համախմբելու բարձր տեխնոլոգիական մասնավոր կազմակերպություններին, մյուս կողմից դառնալու է հիմք՝ նոր կազմակերպությունների ստեղծման համար:
Բուհական 6 կլաստեր
Անդրադառնալով զուգահեռաբար ընթացող բովանդակային բարեփոխումներին՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ծրագրին, Սարգիս Հայոցյանը ներկայացրել է բուհական 6 կլաստերների՝ դասական բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, մանրամասները:
Ակադեմիական խոստումնալից նախագիծ. Բազմաֆունկցիոնալ կինոթատրոն-համերգասրահ՝ 35 հազար հանդիսատեսի համար, Ազգային ստադիոն
Գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, տեղեկացրել է՝ այն ապահովելու է կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցությունը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։
«Հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, մաս է կազմում մի գործընթացի, որը սկսվել է դեռևս նոյեմբերին, և որի առաջին փուլի ավարտին՝ նախորդ տարեվերջին, ձևակերպվել է տեսլականը: Այնուհետև Հայաստան այցի և աշխատաժողովի արդյունքում ձևավորվել է պատկերացումը, թե ինչպիսին կարող է լինել ակադեմիական քաղաքը: Այն ինչ ներկայացվելու է այսօր, դեռևս ոչ թե ծրագրի ավարտն է, այլ գաղափարների համախմբման փուլի ամփոփումը»,- ասել է Թոբիաս Քեյլը:
Թոբիաս Քեյլի խոսքով՝ տեսլականի մշակումն իրականացվել է տեղադիրքին ներկայացվող պահանջների, ենթակառուցվածքների հասանելիության, տարբեր կլաստերների համար կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություների, ինչպես նաև հնարավոր սոցիալական ազդեցության և տնտեսական գործոնների համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Քեյլը շեշտել է, որ տեղադիրքի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության մասշտաբները, Երևանի կենտրոնին մոտ լինելու, հարակից բնակավայրերը միմյանց կապելու և միաժամանակ հանրապետության բնակչության մեծ մասին հասանելի լինելու հանգամանքները։
Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար՝ հաշվի առնելով, որ քաղաքում պլանավորվում է տեղակայել բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ, մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ Ազգային ստադիոն, հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։
Ուսանողների շարժունություն, ճկուն դասացուցակ, կեցության նոր պայմաններ
Թոբիաս Քեյլի խոսքով՝ ուսանողները կունենան շարժունության և ճկուն դասացուցակի կազմման հնարավորություն և պայմաններ, ողջ օրվա ընթացքում ուսանողի որակյալ փորձառության անհրաժեշտ միջավայր, իսկ կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կգործեն նաև կացարաններ։ Քաղաքը լինելու է կանաչապատ մեծ մակերեսով, ունենալու է լճակ, տրանսպորտային զարգացած համակարգ:
Ակադեմիական քաղաքի տարածքը
Քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:
Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ: Ներկայում ընթանում են նաև ակադեմիական քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանի, ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ կոմունալ ենթակառուցվածքների պլանավորման, տրանսպորտային ցանցի նախագծի կազմման աշխատանքները։
Նախագծման աշխատանքները կավարտվեն 2025 թվականին
Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին:
«Սա ապագայի նախագիծ է՝ հետագա 30 կամ միգուցե 50 տարվա համար: Բնականաբար այս ամբողջ նախագիծը չի կարող միանգամից իրականացվել: Ես հույս ունեմ, առաջին բուհը կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7 տարի հետո»,- ասել է նախագծող խմբի պատասխանատու Թոբիաս Քեյլը:
Գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է
Ամփոփիչ խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագծման գործընթացում իրականացվող մանրակրկիտ ու որակյալ աշխատանքն ամբողջությամբ տալիս է այն վստահությունը, որ նույն կերպ շարունակելու դեպքում որակյալ կրթական միջավայր ենք ունենալու:
«Այս փուլում հարցերը, մտավախություններն ու անորոշությունները շատ են, և դա հասկանալի է: Դրանք չեն կարող չլինել, որովհետև գործ ունենք շատ մեծ ծրագրի հետ և այս պահին մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները: Սա մի աշխատանք է, որի ընթացքում մենք նաև սովորում ենք: Այդուհանդերձ, շատ կարևոր է վստահությունը, որ մենք ունենք վերջնակետի և ընտրված թիրախների նկատմամբ: Ժամանակակից բուհական միջավայրը և որակյալ կրթությունն ուսանողի համար անհրաժեշտ փորձառություն են, որն այսօր չենք կարողանում ապահովել: Եթե ունենք ավելի մեծ հավակնություններ արտերկրի բուհերի հետ մրցակցության առումով, ապա այս փոփոխություններն այլընտրանք չունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանվել
Անդրադառնալով հանրային տիրույթում «Ակադեմիական քաղաք» ծրագրին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է:
«Ոչ ոք չի պատրաստվում վնասել այսօրվա բուհական ու գիտական համակարգը. կարիք չկա դավադրություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Կառավարությունը վերջին տարիներին շուրջ 280 %-ով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որն ահռելի ծավալ է: Կառավարությունը միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանել: Սա նշանակում է՝ որպես պետություն մենք պետք է ջանքեր ներդնենք բուհերը զարգացնելու համար, և այդ նպատակով պետության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող բուհեր ենք ունենալու, որպեսզի կրթության որակը կախված չլինի այլևայլ գործոններից»,- խոսքն ամփոփել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով իրականությունը, հիմնավորումներն ու զարգացման պահանջը:
Ակադեմիական քաղաքի նախագծի հայեցակարգի ներկայացումից հետո նախագծային ընկերության պատասխանատուն, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանել են ներկաների՝ նախագծին առնչվող հարցերին:
Կիպրոսի համալսարանը հայտարարել է ասպիրանտուրա (սեպտեմբեր, 2024 թ.) ընդունվելու դիմումների ներկայացման շրջանի մեկնարկի վերաբերյալ:
Համալսարանի օտարերկրյա ուսանողները, որոնք մասնակցում են Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզուներից այլ լեզվով առաջարկվող ծրագրին, պարտավոր են մասնակցել «Հունարենի և հունական մշակույթի» առնվազն մեկ դասընթացի՝ մինչև իրենց ծրագրի ավարտը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.ucy.ac.cy/graduateschool/?lang=en:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024