Ապրիլի 4-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հերթական նախագծային աշխատանքի պաշտպանությունն էր ԹԳՀԳ առարկայից (ուսուցիչ՝ Ն. Ղազարյան), մասնակցում էին VII ա և բ դասարանի աշակերտները:
Թեման՝ «WEB կայքի նախագծում և ստեղծում»:
Նախ՝ սովորողները բացատրեցին որոնողական համակարգի դերն ու նշանակությունը, ներկայացրին տեղեկություններ ՏՏ ոլորտից և հետաքրքիր փաստեր համացանցի մասին:
Խոսքը շարունակեցին հումորային երգով, հետո բաժանվեցին խմբերի , պատասխանեցին wordwall համակարգի օգնությամբ առաջ քաշված հարցերին:
Տեսանյութի միջոցով ներկայացրին իրենց ուսումնաճանաչողական այցերը դեպի Եվրոպական քոլեջ և IDM ծրագրավորման գրասենյակ:
Որպես վերջնարդյունք՝ ներկայացրին երկու ամսվա տքնաջան աշխատանքի պտուղը՝ Եղվարդի N 3 հիմնական դպրոցի WEB կայքը, որը մեծ անակնկալ էր բոլորի, հատկապես տնօրենության համար:
Կայքի հղումը ստորև https://raul5897.hocoos.com/
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV) գործադիր տնօրեն Կլեն Յարացի և Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության և հումանիտար օգնության վարչության պետ Կաիրի Սար-Իսոփի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդը:
Պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի՝ 10 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում իր գործունեությունը վերականգնելու որոշմամբ՝ զարգացման համագործակցության ծրագրերի շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային հարաբերությունների զարգացման ուղղությամբ Էստոնիայի կառավարության գործադրած ջանքերը՝ հատկապես Հայաստանի հետ համագործակցության խորացման շրջանակում: Նախարարի տեղակալը մատնանշել է ինչպես երկու երկրների միջև պատմական և մշակութային ժառանգությունը, այնպես էլ երկու ժողովուրդների առջև պատմականորեն ծառացած մարտահրավերներն ու նմանությունները:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության բաժնի ղեկավար Կաիրի Սար-Իսոփը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Էստոնիայի կառավարությունը մեծացրել է Հայաստանի հանդեպ ուշադրությունը՝ ընդգրկելով զարգացման առաջնահերթ գործընկեր-երկրների շարքում և ցանկություն ունենալով ընդլայնել համագործակցության զարգացման ծրագրերի շրջանակը: Այս համատեքստում կողմերը քննարկել են հատկապես կրթության ոլորտում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ ծրագրերի շրջանակում:
Էստոնական կողմը տեղեկացրել է՝ վերջերս Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ Կապանի 6 դպրոցներում ուսուցիչների կարողությունների զարգացման վերապատրաստման պիլոտային ծրագիր են իրականացրել, որի շուրջ բավականին դրական արձագանքներ են ստացել: Առաջիկայում նաև ճանաչողական այց է նախատեսվում Էստոնիա՝ վերջինիս կրթական ծրագրերին, դպրոցական փորձին ու կառավարման մոդելներին ծանոթանալու նպատակով: Առանձին ուղղությամբ վերապատրաստումներ են անցկացվել նաև Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկավարժների համար: Ծրագրի խորհրդատու Աննա Ալենը նշել է՝ նախաձեռնությունն ընդլայնելու և ՀՀ տարբեր մարզերում իրականացնելու մտադրություն ունեն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումների փուլում է, իսկ արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով կարևորում է միջազգային գործընկերների աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձին, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի էստոնական փորձին և բարձր ցուցանիշներին՝ առաջարկելով համագործակցություն փորձի փոխանակման նպատակով:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական քաղաքականության ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման նպատակով երիտասարդական կենտրոնների հիմնման Կառավարության ծրագրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, մտածելակերպը, կկիրառվեն ասույթներ, առած-ասացվածքներ: Բեմական հագուստն ու բեմական ձևավորումը նույնպես կլինեն համապատասխան մոտիվներով:
Կծեգ (կծիկ) խորհրդանշական վերնագիրն ընտրվել է՝ որպես տեղահանվածների մշակույթի հավաքական բնութագրիչ։ Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրվել են տարբեր վայրեր՝ քանդելով դարեր շարունակ կենսունակ այդ կծիկը: Բարբառների այդ կծիկը նաև միասնություն ու համախմբվածություն է բնորոշում։
Ծրագրի մեկնարկի հոլովակին կարելի է ծանոթանալ այս հղումով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:
Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել. այն անցկացվել է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով:
Հայաստանի առաջնությունում լավագույնս հանդես եկած մարզիկները կընդգրկվեն Հայաստանի պարաբազկամարտի հավաքականի կազմում, որը մայիսի 2-12-ը կմասնակցի Սլովենիայում կայանալիք Եվրոպայի պարաբազկամարտի առաջնությանը:
Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ հայ մարզիկներն առաջիկայում նաև ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ֆինանսների, ինչպես նաև հեռուստատեսային արտադրության փորձագետներ:
ՖԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում է՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին մեր երկրում հյուրընկալելու տեխնիկական հնարավորությունները գնահատելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և վերահաստատել Հայաստանի կառավարության՝ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերն ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆրանկոֆոն մշակույթի արժևորումն ու տարածումը՝ տեղեկացնելով, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մեր երկրում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային ու գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների տարածմանը:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին՝ կողմերը կարևորել են ֆրանկոֆոնիայի ազգային կոմիտեի ձևավորումը, որը կզբաղվի տեխնիկական և կազմակերպչական հարցերով: Հունիսին Փարիզում խաղերի անցկացման վերաբերյալ նախատեսվում են համաձայնագրի կնքում և փոխանցիկ դրոշի հանձնում:
Ապրիլի 8-12-ը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետները պետք է իրականացնեն խաղերի համար ընտրված մարզական և մշակութային ենթակառուցվածքների գնահատում և խաղերի նախապատրաստման հետ կապված հիմնական կարիքների քննարկում:
Նշվել է, որ մարզամշակութային միջազգային խաղերի լուսաբանման նպատակով Հայաստան կարող են ժամանել միջազգային ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ: Քննարկվել են նաև խաղերի հեռարձակման և միջազգային հարթակներում իրազեկման բարձրացման հարցեր:
Ակնկալվում է, որ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին շուրջ 50 երկրի ավելի քան 4000 մարզիկներ կմասնակցեն:
Ֆրանկոֆոն օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսերեն գրականության անկյուն և անցկացվել է «Ֆրանսիայի շունչը Գավառում» միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Տյուրցը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի մշակութային գծով հանձնակատար Ալեքսանդր Կլուզոն, Ֆրանսիական ինստիտուտի ուսումնական ծրագրերի համակարգող Ագապի Ասլանյանը և «ՍԱԹԷ ԱԹՂԸ» Ֆրանսիական թատերական միության ղեկավար, բեմադրիչ, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը, բանասերներ, ՏԻՄ պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, գրադարանի այցելուներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել է Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը, որին հաջորդել է համանուն պիեսի դիտումը Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Գրադարանին իր հեղինակային գիրքն էր նվիրել նաև Ֆրանսիացի գրող, հրապարակախոս, պոետ, երգերի տեքստերի հեղինակ Ժան Միշել Բարտնիկին՝ միաժամանակ ուղարկելով իր ողջույնի ուղերձը տեսակապով՝ նվիրված Հայաստանում ֆրանկոֆոն օրերին։
Միջոցառմանը երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես են եկել Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը /ղեկավար՝ Սուսաննա Դեղոյան, կոնցերտմեյստեր՝ Արփինե Զարգարյան/ և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Սիրականյանը։
Գրադարանում բացվել է նաև Գավառի ուսուցողական, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և Գավառի գեղարվեստի դպրոցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 5-7-ը Երևանի «Գազպրոմ Արմենիայի» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում կայացել են Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ՝ չորրորդ փուլի հանդիպումները։
Տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել էր դեռ 2023 թվականի ապրիլին և անցկացվել էր երեք փուլով՝ Երևան և Գյումրի քաղաքներում։
Եզրափակիչ փուլի մասնակից 3 թիմեր ունեցել են գրեթե հավասար միավորներ, և միայն չորրորդ փուլում են որոշվել լիգայի մրցանակային տեղերը։ Մինչ եզրափակիչ փուլի մեկնարկը՝ ԲԿՄԱ-ն ունեցել է 37, ՖԻՄԱ-ն՝ 36, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ)՝ 35, իսկ «Գյումրին»՝ 16 միավոր:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ ԲԿՄԱ, ՖԻՄԱ և ՄՍՀԿ թիմերի միջև եզրափակիչ հանդիպումներն անցել են գերլարված պայքարում. երեք թիմերին չի զիջել նաև երիտասարդ մարզիկներով համալրված «Գյումրի» թիմը։
Կարեն Ասմարյանը նաև տեղեկացրել է՝ «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ հանդիպումներում ֆեդերացիայի կողմից առաջին անգամ կիրառվել է VAR համակարգը, որը վիճահարույց դրվագներում օգնել է մրցավարներին։ Ի վերջո, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ), հաղթելով բոլոր երեք մրցակիցներին, հռչակվել է լիգայի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՖԻՄԱ թիմը, երրորդ տեղը՝ ԲԿՄԱ-ն, իսկ լավագույն քառյակը եզրափակել է «Գյումրին»։
«Պրո Լիգա 2023-2024» առաջնությունում մրցանակային տեղեր գրաված թիմերը ՀՎՖ կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն վեց մարզիկները պարգևատրվել են ՀՎՖ մրցանակներով։ Լիգայի լավագույն խաղացողներ են ճանաչվել Կարեն Խալաթյանը (ՄՍԿՀ), Անդրանիկ Մոսոյանը (ԲԿՄԱ), Վահե Նազարյանը (ՄՍԿՀ), Կարեն Տիգրանյանը («Գյումրի»), Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ), Արտյում Սլադուխինը (ՄՍԿՀ):
Արդեն այս շաբաթ Երևանում մեկնարկում է «Պրո Լիգայի 2023-2024» կանանց առաջնության եզրափակիչ փուլը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Անվանի արվեստագետը ստեղծագործական խմբով գտնվում է Հայաստանում և պատրաստվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացնել իր հեղինակած և բեմադրած «Էլեկտրան՝ գետնախորշերից» պիեսը: Այն գրված է հունական ողբերգության մոտիվներով և արժանացել է «Մոլիերի» երեք մրցանակի՝ «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում:
«Դուք մերօրյա երիտասարդ արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր եք, իսկ Ձեր անցած ճանապարհը՝ չափազանց ուսուցողական: Շատ ուրախ ենք, որ հայ հանրությունը Ձեր ստեղծագործությանը հաղորդակից դառնալու հնարավորություն կունենա»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ներկայացնելով Հայաստանում նախատեսվող ծրագրերը՝ Սիմոն Աբգարյանը նշել է, որ պիեսը բեմադրվելու է Երևանում և Գյումրիում: Նոր նախագիծ է պլանավորվում նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ:
«Արվեստագետներն էլ զինվորների պես պետք է միասնական լինեն՝ որպես մի առողջ մարմին՝ ցույց տալու, թե ինչ լուրջ ու կարևոր ոլորտ է թատրոնը: Պետք է ապահովել դերասանների շփումը և փորձի փոխանակումը՝ հատկապես երիտասարդների համար ինքնարտահայտման հնարավորություններ ստեղծելով»,- նշել է Սիմոն Աբգարյանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը համառոտ ներկայացրել է թատրոնի ոլորտում նախատեսվող պետական ծրագրերը, մասնավորապես՝ տոմսային միասնական հարթակ ստեղծելու և թատրոնի քննադատական մշակույթ ձևավորելու հեռանկարները:
Դանիել Դանիելյանը հաջողություն է մաղթել Սիմոն Աբգարյանին նոր նախաձեռնության մեկնարկի ճանապարհին և հույս հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև բարձրացնել նրանց դերը:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Նա կարևորել է մասնագիտական կրթության դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրել ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում դուալ ուսուցմամբ ներդրվող գյուղատնտեսական մասնագիտությունները: «Մասնագիտական կրթության կազմակերպումը դուալ մոդելի շրջանակում, երբ սովորողների կրթական մոդուլի կարևոր բաղադրիչ է համարվում նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա: Պատրաստված մասնագետները հետագայում կնպաստեն համայնքներում զբաղվածության խնդրի բարելավմանը»,- նշել է Արմենուհի Պողոսյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը միտված է գյուղատնտեսական մասնագիտությունների խրախուսմանը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը կարևորել է կանանց դերը գյուղատնտեսության ոլորտում և նշել, որ տեղական արտադրանքի մեծ մասը ապահովվում է ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից։
HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ խորհրդատու Մոնիք Ֆրեյը ներկայացրել է Շվեյցարիայի փորձն ու քաղաքական և սոցիալական կյանքում կանանց ներգրավման համար իրականացվող ծրագրերը։
Միջոցառման ընթացքում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ, անասնաբույժ և ֆերմեր մասնագիտություն ունեցող 7 կանայք ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները։
Հաջորդաբար պանելային քննարկման շրջանակում անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում կանանց համար առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը և մասնավոր հատվածի ներկայացուցիչ, «Լոռվա կաթ» ընկերության համահիմնադիր Անուշ Սուքիասյանը:
Նշենք, որ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը քննարկել են «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրության գովազդային արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում:
Հանդիպմանը ներկա են եղել Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
«Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է, որը տեղի է ունեցել հաջողված համագործակցության արդյունքում: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ է միջազգային այլ թանգարանների հետ ևս աշխատելու և նոր ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման ճանապարհին շատ կարևոր է հաջողված գովազդային արշավը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ աշխատանքների ճիշտ բաշխմամբ:
Այդ համատեքստում քննարկվել են նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը, տոմսային քաղաքականության մանրամասները, ինչպես նաև բրիտանական կողմի հետ պայմանագրի կետերին առնչվող հարցեր:
Կողմերը կարևորել են իրադարձությունը հնարավորինս հանրահռչակելու, հանրությանը տեսանելի դարձնելու և ցուցադրության ընթացքը հավուր պատշաճի կազմակերպելու առաջնահերթությունները:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024