ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով:
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով:
Որոշման արդյունքում կբարելավվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքային պայմանները՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների առումով։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով՝ առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, իսկ երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։
Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։
Այս համատեքստում խոսվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին` կարևորելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքի իրացման հարցերը։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԼՂ տարծքում վտանգված են հայկականպատմամշակութային շուրջ 5000 անշարժ հուշարձաններ:
Էռնեստո Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության և աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է հակամարտությունների արդյունքում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելություններին և վերականգնմանը մասնակցելու առումով։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրներ և Որոտանի հովտի հարակից տարածքներ» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար: Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ «Վերականգնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում մարտ ամսին ավարտվել է Մատենադարանի մասնագետների այցը Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն՝ նշելով, որ հայկական կողմը կարևորում և խրախուսում է Մատենադարանի ներգրավումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերում։
Նախարարը նաև կարևորել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։ Այդ համատեքստում նախարարը հաստատել է, որ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկազմակերպվի համերգ՝ նվիրված ֆրանսահայ շանսոնյե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Շառլ Ազնավուրին, իսկ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված նշյալ կոնվենցիայի կիրարկմանը:
Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին՝ Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալելու և միջոցառումներին մասնակցելու համար։
Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Քննարկումները ծավալվել են Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների, մշակույթի և արվեստի կրթության նոր ձևաչափի, Աբու-Դաբիի որոշումների, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան փաստահավաք առաքելություն այցի արդյունքների մասին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի կազմակերպումն էր։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում:
Ստեֆանիա Ջանինին ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անչափ կարևոր է, քանզի հատկապես փախստական և բռնի տեղահանված երեխաները հատուկ աջակցության և ուշադրության կարիք ունեն։ Քննարկման ընթացքում նաև շեշտել է մշակութային կրթության վեկտորի զարգացման Հայաստանի հանձնառությունը:
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ կրթական, այդ թվում՝ ներառական կրթության հաջողված ծրագրեր և նախաձեռնություններ ունի՝ առաջարկելով իրականացնել փորձի փոխանակում։
Ժաննա Անդրեասյանը կարևորել նաև «խաղաղ կրթության» ապահովումը տարածաշրջանում, որն առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ի համար` նշելով, որ այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը կարևոր է:
Նախարարը հաջորդաբար հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ էր։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և կրթության ոլորտներին վերաբերող կոնվենցիաների աշխատանքներին: Նա նաև կարևորել է երիտասարդության հարցերով ոլորտային համագործակցության զարգացումը` ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը։
Գաբրիելա Ռամոսը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մասին` ներկայացնելով երիտասարդության, ռասսայական խտրականության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը։
Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ-ում մշակվում է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ակնկալում են ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական եզրակացությունը:
«Մեզ համար հետաքրքրիր է նաև ընդդեմ խտրականության և ռասիզմի դեմ պայքարի շրջանակում համագործակցության ծավալումը, քանի որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում «Խաղաղ կրթություն» կարգախոսով և փորձում է առաջ մղել այդ գաղափարը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Գաբրիելա Ռամոսն ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է միջմշակութային երիտասարդական ծրագրերի իրականացումը, և այս առումով ՀՀ փորձը շատ հետաքրքիր է։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունները՝ «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։
Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում արտերկրի մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, մասնագիտական հանրության, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում շեշտել է` ցուցահանդեսը հնարավորություն է` ծանոթանալու Փարաջանով արվեստագետին՝ իբրև ոչ կինոգործիչ. «Նրա ստեղծած կոլաժների և պատկերների միջոցով մենք հնարավորություն կունենանք բացահայտելու Փարաջանովի՝ սիմվոլիզմով հարուստ, իրեն բնորոշ աշխարհը: Կան մարդիկ, ում կենսագրությունը գրել է ժամանակը, իսկ մնացած ամեն ինչ իրենք ինքնուրույն են մտածել։ Այսօր մենք հավաքվել ենք` մեր սերը նվիրելու Փարաջանովին, որը հաճախ սիրում էր կրկնել, թե աշխարհից վրեժխնդիր կլինի սիրով»։
Ցուցադրությունների պաշտոնական բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը։
Իրենց ելույթներում նրանք կարևորել են Սերգեյ Փարաջանով արվեստագետին և նրա ստեղծագործական ժառանգությունը։ Էռնեստո Օտտոնեն խոսել է Փարաջանովի՝ համաշխարհային ժառանգության մաս լինելու և մշակութային բազմազանության լավագույն օրինակ հանդիսանալու մասին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցադրության տաղավարում, ծանոթացել «Կինոյի տաճար» ինստալյացիային և Փարաջանովի կոլաժների և լուսանկարների ցուցադրությանը։
Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Փարիզի Պանթեոն, հանդիպում ունեցել տնօրեն Բարբարա Վոլֆերի հետ, ինչպես նաև դիտել ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանին նվիրված ցուցադրությունը։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ մեր հայրենակցի գործունեությունն արժևորելու և բարձր գնահատականի արժանացնելու համար:
Հայկական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը:
Ներկայացնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացում այս տարվա փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Այս գործընթացն ուղղված է մասնագետների կարողությունների զարգացմանը և գրանցված արդյունքներով՝ նաև ֆինանսավորման մեխանիզմների կիրարկմանը: Այս տարի ընդլայնվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը․ կարող են մասնակցել շուրջ քսան ուղղությունների մասնագետներ, որոնցից 8-ն արվեստի, մնացածը՝ սպորտի ոլորտում: Հայտագրումը բաց է մինչև ապրլի 20-ը: Ակնկալում ենք, որ կունենանք ավելի մեծ մասնակցություն նախորդ տարվա համեմատ, ինչը պայմանավորված է աշխատակիցների առավել իրազեկվածությամբ և մասնագիտությունների ցանկի ընդլայնմամբ»:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ անցյալ տարի այս ոլորտում կամավոր ատեստավորումը հաղթահարել էր 46 աշխատակից. նրանց հետ պարբերական քննարկումներով վեր են հանվել խնդիրներ, որոնց հիմքով ներկայում կարգի փոփոխություն է շրջանառվում՝ այս տարվա մասնակիցների համար սահմանելով նոր կարգավորումներ. «Մասնավորապես՝ գործող կարգով հավելավճարը տրվում է մասնագետի ծանրաբեռնածության համադրությամբ, սակայն փոփոխվող կարգում, անկախ ծանրաբեռնվածությունից, մասնագետը պետք է ստանա հավելավճարի ամբողջական չափաբաժինը»:
Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրվի հետևյալ համամասնությամբ.
«Եթե գործող կարգով 60-69 տոկոս հավաքածները համարվում էին ատեստավորված, սակայն հավելավճար չէին ստանում, ներկայում նրանք կստանան 55.333 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման դրույքային ծանրաբեռնվածությունից։ Ամբողջական հավելավճարն աշխատակիցները կստանան իրենց հիմնական աշխատավայրից, քանի որ կան համատեղությամբ աշխատող մանկավարժներ»,- հայտնել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ 2023 թ. սպորտում կամավոր ատեստավորում անցկացվել է 4 մասնագիտությամբ՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո և սամբո: Գրանցվել էր 126 մարզիչ-մանկավարժ, որոնցից ներկայում լրավճար ստանում են 8-ը:
«Հասկանալի է՝ առաջին անգամ էր անցկացվում, և շատերը դժգոհ էին տերմիններից, որոնք առօրյայում մի կիրառում ունեն, մասնագիտական գրականության մեջ՝ այլ: Այս տարի այդ խնդիրը չենք ունենա: Ավելացրել ենք ևս 8 մարզաձև՝ ծանրամարտ, բռնցքամարտ, աթլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե: Այս պահին հայտագրվածները քիչ են, սակայն մարզաշխարհը սիրում է հայտը վերջին պահին տալ. դեռ 2 շաբաթ ժամանակ կա, վստահ եմ, որ թիվը կավելանա»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կամավոր ատեստավորման գործընթացը մշակույթի ոլորտի համար կարևորել է մի քանի տեսանկյունից:
«Ամեն անգամ երաժշտական, արվեստի դպրոցների մանկավարժների հետ հանդիպելիս քննարկվում է աշխատավարձի խնդիրը, և ատեստավորումը հրաշալի հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնելու այն: Մյուս կողմից էլ սա լավ հնարավորություն է մասնագիտական զարգացման և գիտելիքի թարմացման տեսանկյունից: Պետք է շարունակաբար քաջալերել՝ չերկմտելու և գնալու այդ քայլին: Ատեստավորված ուսուցիչը վստահություն է ներշնչում նաև ծնողների մոտ՝ որպես որակյալ մասնագետ: Այս պահին հաստատված է 190 հայտ: Մշակույթի ոլորտում ևս ուղղություններն ավելացվել են՝ դաշնամուր, սոլֆեջո, երաժշտական գրականություն, երաժշտական գրագիտություն, ազգային փողային նվագարաններից՝ պարկապզուկ, զուռնա և այլն, ազգային լարային նվագարաններից՝ քանոն, սազ, թառ և այլն, լարային գործիքներից՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կերպարվեստ և կիրառական արվեստ,- հայտնել է բանախոսը և հավելել,- ատեստավորման գործընթացը կարծրացած չէ. յուրաքանչյուր տարի ոլորտի գիտակների հետ քննարկվում են և լավարկվում կարգի դրույթները՝ գործընթացն ավելի մատչելի և դյուրըմբռնելի դարձնելով ուսուցիչների համար»:
Հավելելով գործընկերներին՝ Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ առաջիկա օրերին ԳԹԿ-ն կհրապարակի բոլոր մասնագիտությունների ուղեցույցները՝ գրականության և հարցերի շրջանակի մասին:
«Ներկայում աշխատանքներ են իրականացվում գործնական բաղադրիչի ավելացման ուղղությամբ․ հաջորդ տարվա համար նոր ձևաչափ ենք նախատեսում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նշվել է նաև, որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում հաջորդ տարի կրկին ատեստավորմանը մասնակցելու պարտավորություն չունեն: Անկախ արձանագրված արդյունքից՝ նրանք կարող են շարունակել մասնագիտական գործունեությունը:
Անցյալ շաբաթ անցկացվել է կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, որոնք սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել: ԿԳՄՍ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
«Սեպտեմբերին կազմակերպված կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչներից շատերը մեծ ցանկություն ունեին դպրոցում աշխատանքը շարունակելու: Հաշվի առնելով ուսուցիչների տարիների վաստակն ու ներդրումը, ընդառաջելով նրանց առաջարկներին՝ նախարարությունը արտահերթ կամավոր ատեստավորում կազմակերպեց»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նրա տեղեկացմամբ՝ արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել էին 323 ուսուցիչներ՝ 21 առարկայից, որոնցից 272-ը մասնակցել են ատեստավորմանը: Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ը ապահովել են 90-100 տոկոս, 18-ը՝ 80-89 տոկոս, 16-ը՝ 70-79 տոկոս, 32-ը՝ 60-69 տոկոս, 65-ը՝ 50-59 տոկոս և 134-ը՝ մինչև 50 տոկոս արդյունք: Այս տվյալները դեռ նախնական են՝ վերջնական արդյունքները պարզ կդառնան բողոքարկման փուլի ամփոփումից հետո:
«Ուսումնական հաստատություններին տեղեկացրել ենք, որ հաշվի առնելով ուսուցիչների մեծ մասի՝ արդեն իսկ աշխատանքից ազատված լինելու հանգամանքը, թափուր հաստիքների մրցույթների հայտարարման դեպքում նախապատվությունը տան կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին՝ նրանց վերականգնելով նախկին աշխատավայրում»,- ասել է Ա. Սվաջյանը՝ ավելացնելով, որ կամավոր ատեստավորման դրական արդյունք արձանագրած բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են մասնակցել նաև ուսուցչի թափուր տեղի բոլոր մրցույթներին:
Ըստ փոխնախարարի՝ այն ուսուցիչները, որոնք այս փուլը ևս չեն հաղթահարել, չեն կարող աշխատել որպես ուսուցիչ: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այժմ շրջանառվում է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր, որի բաղադրիչներից մեկը պետության աջակցությամբ վերջիններիս համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ապահովումն է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա են եղել «Զրույցներ եղեգի հետ» խորագրով ցուցադրության բացմանը:
«Զրույցներ եղեգի հետ» խորագիրը կրող ցուցադրությունը հայկական և ֆրանսիական երաժշտարվեստում եղեգի գործածության, մասնավորապես` փողային նվագարանների պատրաստման մասին է։ Ցուցահանդեսում ներկայացվել են պատմական փաստեր եղեգի կիրառման վերաբերյալ՝ վերհանելով մի շարք հիմնախնդիրներ՝ կապված նվագարանագործ վարպետների արհեստի և երաժիշտ-կատարողների գործունեության հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում։
Ցուցադրությունը երկխոսության մեջ է դնում հայկական ավանդական և ֆրանսիական բարոկկո երաժշտության մեջ կիրառվող փողային գործիքները (դուդուկ, զուռնա և հոբոյ) ու եղեգից պատրաստվող ձայնոցները: Այն ընդգծում է բույսի պատմական և ժամանակակից կիրառումը` լույս սփռելով արդի հիմնախնդիրների վրա` նվագարանագործ վարպետների արհեստից մինչև երաժիշտների գործունեություն։
Ցուցադրությունը նաև հարթակ է, որտեղ հանդիպում են պատմական աղբյուրներն ու ժամանակակից ստեղծագործությունները, արվեստագետներն և արհեստավորները, որոնք հաղորդակցվում են այս բույսի հետ և նոր շունչ հաղորդում «եղեգի հասարակությանը»։
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024