Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Ստեփանյանը (+92 կգ):
Աղջիկների պայքարում Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ):
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 15-ին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 3-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի /ծածկագիր՝ 001146/ մասնակիցների կողմից «armeps.am» էլեկտրոնային համակարգում հայտերի մուտքագրման ժամկետ սահմանված է եղել 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 15:00-ն:
Սակայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ «armeps.am» համակարգում պահպանվել է 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 00:00-ն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրազեկում է բոլոր այն կազմակերպություններին և ֆիզիկական անձանց, որոնք չեն հասցրել հայտերը մուտքագրել «armeps.am» էլեկտրոնային համակարգ, կարող են հայտն առձեռն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն մինչև հայտահրավերով սահմանված հայտերի մուտքագրման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 15:00-ն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Մասնավորապես՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանսիայի կրթության և երիտասարդության նախարարության, առանձին թանգարանների ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի վերաբերյալ մի շարք առանցքային հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
«Մենք կարևորում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներն ու առկա խնդիրների քննարկումը: Հատկապես ցանկանում եմ շեշտել պետական կառույցների՝ «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» ուղղություններին հետևելու առաջնահերթությունը, որով պայմանավորված է ոլորտի հետագա զարգացումը»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Հանդիպմանն ամփոփվել են առաջին անգամ անցկացվող «Թատերական շաբաթ» ծրագրի արդյունքները: Ըստ թատրոնների ներկայացուցիչների՝ ծրագիրը հաջողել է՝ ապահովելով բազմամարդ մասնակցություն և մեծ հետաքրքրություն դպրոցականների շրջանում:
Քննարկման առանցքում նաև թատերական, թատերահամերգային հաստատությունների տնօրենների, աշխատակիցների ատեստավորման նոր կարգի և որակավորումների բարձրացման վերաբերյալ հարցերն էին: Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներին:
Անդրադարձ է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրված մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին, որն առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև այլ հաստատություններում:
Ըստ ֆինանսավորման նոր մոդելի՝ յուրաքանչյուր տարի կազմակերպությանը տրամադրվում է իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկաներին հայտնել է նաև ոլորտում մարքեթինգի միասնական հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը:
«Մեզ համար առաջնային է թատերական ոլորտն առավել տեսանելի և ընկալելի դարձնելը հանրության համար: Դա պետք է արվի՝ յուրաքանչյուր կառույցի առանձնահատկությունը հաշվի առնելով և առավելագույնս պրոֆեսիոնալ ձևաչափով»,- ասել է Դ. Դանիելյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ խնդիրներ, որոնք վերաբերել են կազմակերպությունների խաղացանկային և տոմսային քաղաքականությանը, մարզային համագործակցությանը, կապիտալ վերանորոգումներին, ինչի վերաբերյալ ընդգծվել է նախահաշիվները ժամանակին ներկայացնելու և հետագա խնդիրներից խուսափելու անհրաժեշտությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9–րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ նշվել է, որ «Գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական առարկաների քննությունները կիրականացվեն պետական նոր չափորոշչի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան:
«Նախագծային ուսուցումը զարգացնում է երեխաների քննադատական մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և վերլուծական միտքը: Չենք կարող անտեսել ուսումնական գործընթացի կազմակերպման այս կարևոր ձևը, և այն պարտադիր ներառվելու է քննական գործընթացում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նախագծային աշխատանքում տարբեր առարկաների համադրման հանգամանքը:
Փոխնախարարն անդրադարձել է նաև 4-րդ դասարանի ավարտին սովորողների՝ մեկ միասնական թեստով ուսումնառության վերջնարդյունքների ստուգմանը: 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների վերաբերյալ նշվել է, որ դրանք կանցկացվեն պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխան թեստերով:
Բացի հունվար և հունիս ամիսներին անցկացվող միասնական քննություններից՝ սովորողների համար փորձարարական միասնական քննություն կանցկացվի նաև հուլիս ամսին՝ լրացուցիչ քննությունների համար սահմանված ժամկետում: Միասնական և փորձարարական-միասնական քննություններից շրջանավարտի ստացած ամենաբարձր միավորը համարվում է վերջնական:
Հանդիպմանը նաև հնչել են տարբեր հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ /МГИМО/) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն:
2024-2025 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 8-ն է՝ 6 բակալավրիատի, 1 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը նույնպես նախատեսվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:
ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված բուհերում ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը, տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:
Վերը նշված բուհերի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը: Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է փոխանցվեն secretariat@mfa.am էլ. հասցեին:
ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024