Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման նպատակով համագործակցություն է հաստատվում միջազգային հեղինակավոր բուհերի հետ, որոնք աջակցելու են արվեստների կլաստերի հայեցակարգի ձևավորմանը և իրագործմանը։
Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով որոշումների նախագծերը, որոնցով նախատեսվում է պայմանագրեր կնքել Լոնդոնի արվեստների համալսարանի և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Լոնդոնի արվեստների համալսարանը միջազգային վարկանիշավորման համակարգերում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիական կրթական ծրագրեր իրականացնող լավագույն բուհ։ Բացի այդ՝ QS վարկանիշավորման համակարգում այս համալսարանը տարիներ շարունակ գտնվում է երկրորդ հորիզոնականում։
«Լոնդոնի արվեստների համալսարանն անցել է վերակազմակերպման ճանապարհ՝ 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորմամբ և ինտեգրմամբ։ Այս առումով այն ունի գործնական շատ կարևոր փորձառություն, որը մեծապես աջակցելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործընթացին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիային՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ բուհը հիմնադրվել է 1847 թվականին և հանդիսանում է կատարողական արվեստների կրթության համաշխարհային առաջատարներից մեկը։ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան եզակի է նաև կատարողական և արտադրական արվեստների ուղղություններով կրթական ծրագրերի իրականացմամբ։
«Ներառված են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝ երաժշտության արտադրության տեխնիկական ուղղությունները՝ ձայնագրություն, ձայնային ինժեներիա, կենդանի ձայնի տեխնիկական կառավարում, համերգային ձայնային ապահովում։ Խոսքն այնպիսի ուղղությունների մասին է, որոնք, ըստ էության, կարող են շատ կարևոր խթան հանդիսանալ նաև արդյունաբերության զարգացման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ 2016 թվականից ի վեր Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան արդեն 9-րդ անգամ զբաղեցնում է ոլորտի միջազգային վարկանիշավորման համակարգերի 6-րդ հորիզոնականը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ երկու բուհերի հետ համագործակցությունը հնարավորություն կտա արվեստների կլաստերի շրջանակում ունենալ միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող բովանդակություն և այդ ուղղությամբ կրթությունը դարձնել մրցունակ ինչպես հայ, այնպես էլ արտերկրի ուսանողների համար։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան աշխատանքները տանելու է երաժշտական բաղադրիչով. պայմանագրի արժեքը կկազմի շուրջ 371 հազար բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ։ Լոնդոնի արվեստների համալսարանը կաշխատի բոլոր մյուս ուղղություններով, որոնք ներառվելու են արվեստների կլաստերում՝ բացառությամբ երաժշտության բաղադրիչի. պայմանագրի արժեքը կկազմի մոտ 369 հազար բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ համագործակցությունը նախատեսված է երեք փուլով՝ շուրջ 24-ամսվա համար. այն ներառում է ինչպես հայեցակարգի մշակումը, այնպես էլ կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատանքները՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավումն ու տեղական կարողությունների զարգացումը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ վերանայվում է կրթական ամբողջ բովանդակությունը. «Արվեստների կլաստերը կառաջարկի կրթական այնպիսի ծառայություններ, որոնք ներկայում մեր կրթական համակարգը չի առաջարկում, որոնք, սակայն, ժամանակակից արվեստի կրթության շատ կարևոր բաղադրիչ են»։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ արդեն իսկ մեկնարկել է համագործակցությունը միջազգային այլ հեղինակավոր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ կրթական կլաստերի ուղղությամբ Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ պայմանագիրն ընթացքի մեջ է. այս օրերին համալսարանի ներկայացուցիչները Հայաստանում են, աշխատանքները շարունակվում են։ Սա, նախարարի դիտարկմամբ, հնարավորություն է տալիս վերափոխելու թե՛ մանկավարժական կրթությունը, թե՛ կրթության ոլորտի մասնագիտությունները, որտեղ ևս նոր մասնագիտությունների անհրաժեշտություն կա։ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ տեխնոլոգիական կլաստերի ուղղությամբ Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ աշխատանքների առաջին փուլն էլ ավարտվել է. «Այս պահին բանակցում ենք նաև Քեմբրիջի համալսարանի հետ դասական կլաստերի ուղղությամբ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման նախագծերի ընդունումը, ընդգծել է՝ պայմանագրերի շրջանակում գործընկերներն աշխատում են ոչ միայն և ոչ այնքան Կառավարության, որքան հենց բուհերի և ուսանողների հետ։ Նա շեշտել է համաշխարհային առաջատար փորձի հետ հաղորդակցության կարևորությունը, փորձի և տեղեկատվությանը հասանելիությունը։
«Միջազգային գործընկերները պարբերաբար այցելում են Հայաստան, մեր ուսանողներին և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին հրավիրում հանդիպման։ Ընդունված է շատ հետաքրքիր աշխատանքային ոճ՝ բաց քննարկումներ, մտքերի փոխանակում, ուսանողների, դասախոսների և բուհերի կարիքների գնահատում։ Այս ամենը թույլ է տալիս հաշվի առնել տեղի առանձնահատկությունները և ստեղծել իսկապես արդյունավետ և գործունակ կրթական հարթակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ակադեմիական քաղաքի իրականացմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է ուսանողական կացարանների ստեղծմամբ՝ հաշվի առնելով, որ խնդիրը հրատապ է։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիական կլաստերի ստեղծումը և ուսանողական կացարանների հիմնումն ընդգրկված են աշխատանքների իրականացման առաջին փուլում, իսկ մանկավարժական կլաստերի ստեղծումը նախատեսվում է անմիջապես դրանից հետո։ Նախարարը հիշեցրել է՝ Կառավարությունը հաստատել է ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը, որը հիմնվում է արդեն կատարված աշխատանքների արդյունքի վրա և հստակ նկարագրում ծրագրի իրականացման փուլերը։
«Ակադեմիական քաղաքի կառուցման առաջին փուլը ներառում է ուսանողական կացարանների ստեղծում՝ առնվազն 3600 ուսանողի համար, բազմաֆունկցիոնալ մշակութային սրահի և տեխնոլոգիական կլաստերի կառուցում։ Նախատեսվում է, որ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն մինչև 2030 թվականը։ Այս ընթացքում իրականացվելու են նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ։ Արդեն պատրաստ է բարձրավոլտ էլեկտրասյուների տեղափոխման աշխատանքային նախագիծը։ Շենքերի և տարածքի նախագծումը նույնպես սկսվել է։ Առաջիկայում նախատեսում է մրցույթ հայտարարել բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի նախագծման համար, ակտիվ աշխատանքներ են ընթանում ուսանողական կացարանների հիմնման ուղղությամբ։ Զուգահեռաբար աշխատանք է տարվում նաև ոռոգման համակարգի և այլ ենթակառուցվածքների ապահովման նպատակով։
Գլխավոր հատակագիծն այժմ գտնվում է համալիր փորձաքննության փուլում, և դրա հաստատումը նախատեսվում է փորձաքննության ավարտից հետո։ Այս պահին կարելի է ասել, որ ծրագիրն իրագործման ակտիվ փուլում է և առաջ է շարժվում նախատեսված ժամանակացույցով»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախորդ տարվանից մեկնարկել են նաև ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքները. շուրջ 17 հազար խորանարդ մետր աղբ պետք է հեռացվի տարածքից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց