ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով Լիբանանում է

Փետրվարի 27, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբն այսօր Լիբանանի Բեյրութ քաղաքի AUB համերգասրահում հանդես կգա ելույթով։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը բրիտանահայ Սիփան Օլահն է։

Համերգային ծրագիրը ներկայացնում է ծաղկաքաղ հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներից՝ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Լուիջի Արդիտիի, Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի, Ջակոմո Պուչինիի, Մարինե Ալեսի, Արմեն Տիգրանյանի և այլ հեղինակների ստեղծագործություններից: Մենակատարներն են տենոր Սիփան Օլահը, սոպրանո Շողիկ Թորոսյանը՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանը՝ Միացյալ Թագավորությունից։

Հյուրախաղերն ունեն պատմական նշանակություն․ ՀՊԿՆ-ն Լիբանանում հանդես է գալիս 27 տարվա ընդմիջումից հետո՝ ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգաշարի նպատակն է ամրապնդել Հայաստան-սփյուռք մշակութային կապերը, ինչպես նաև ներկայացնել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակում։

Հյուրախաղերը կազմակերպվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՊԿՆ-ի և Լոնդոնի KCCA (Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիա) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ՝ Լիբանանի համազգային վարչության հրավերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն