Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) կողմից շարունակվում է նախադպրոցական հաստատությունների երաժշտության դասվարների, տնօրենների եւ դաստիարակների վերապատրաստման գործընթացը` «Նախադպրոցական հաստատությունների կրթադաստիարակչական համալիր ծրագրի» շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց վերապատրաստող մասնագետ Գայանե Գրիգորյանը, Արարատի մարզի նախադպրոցական հաստատությունների երաժշտության դասվարների վերապատրաստումն իրականացվել է երեք փուլով, որին մասնակցել է 71 մասնագետ մարզի տարբեր տարածաշրջաններից:
Հնգօրյա դասընթացներն անցկացրել է ԿԱԻ հայագիտական եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժնի երաժշտության մասնագետ Կարինե Ղազարյանը՝ Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում: Նշենք, որ այս օրերին վերապատրաստվում են նաեւ մարզի 72 տնօրեններ եւ 93 դաստիարակներ: Ըստ ԿԱԻ վերապատրաստումների բաժնի պետ Ասյա Հովհաննիսյանի` հրատարակվել է նաեւ մեթոդական գրականություն դաստիարակների եւ տնօրենների համար: Նա կարեւորեց այս դասընթացները, նշելով, որ ավելի քան 20 տարի է հանրապետությունում պետական ծրագրով նման մեծամասշտաբ վերապատրաստման դասընթաց չի իրականացվել, ինչի պատճառով մասնագետները թե’ մեթոդաբանական, եւ թե’ ծրագրային առումով հետ են մնացել:
Յուրաքանչյուրը պարապել է այն նյութերով, ինչը կարողացել է հայթայթել, եւ նույնիսկ շատ դեպքերում դրանք չեն համապատասխանել երեխաների տարիքային առանձնահատկություններին: «Այս վերապատրաստումների հիմքում ընկած է ընտանիք-մանկապարտեզ-դպրոց կապի ամրապնդումը, երեխայակենտրոն դաստիարակությունը»,-ընդգծեց նա: Այս ծրագիրը ներառում է նաեւ մանկապարտեզներում աշխատող բոլոր մանկավարժական կադրերի վերապատրաստում, շենքային պայմանների բարելավում, ջեռուցում, նյութատեխնիկական բազայի ստեղծում, մեթոդական գրականությամբ հարստացում եւ այլն: Ի դեպ, նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերջին եւ միակ վերապատրաստումն իրականացվել էր Ծաղկաձորում երկու տարի առաջ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ: Հնգօրյա դասընթացներին մասնակցում էին հանրապետության հինգ մարզերի մանկապարտեզների բոլոր տնօրենները եւ դաստիարակների մի մասը:








