Շիրակի մարզի Ամասիայի ենթաշրջանի վերաբնակեցված Եղնաջուր գյուղում ավելի քան 10 տարի գործում է «Վերադարձ դեպի բնություն» ծրագիրը, որի նպատակը Շիրակի մարզի կարիքավոր և ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելն է: Ծրագրի շրջանակներում գործող ճամբարում երեք հերթափոխով հանգստանում են շուրջ 150 երեխաներ, որոնց ընտրությունը Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հրահանգով կատարում է թեմի սոցիալական աշխատող Լուսինե Գրիգորյանը: Ծրագիրը հովանավորում է «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունը։
Եռօրյա այցով (օգոստոսի 7–ից 9–ը) Եղնաջուր գյուղի դպրոցի բակում իր տեղն էր գտել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ)։ Դպրոցի բակում անհանգստություն ու աշխուժություն էր տիրում. երեխաները, ովքեր դեռ չգիտեին թե ին՞չ է իրենից ներկայացնում ինտերնետը, անհամբեր սպասում էին իրենց մուտքին համակարգչային լսարան: Հագեցած ճամբարային կյանքին գումարվեց ևս մի մեծ հետաքրքրություն՝ դասընթաց-ծանոթացում համացանցին։ ՇԻՀԿ–ը սպասարկող կազմակերպության՝ «Հարմոնիա» հիմնադրամի ներկայացուցիչներ Սևակի ու Հայկի օգնությամբ երեխաները ծանոթացան ինտերնետին, նրանցից շատերն առաջին անգամ ինքնուրույն ճանապարհորդեցին այդ բովանդակալից վիրտուալ աշխարհում։ ՇԻՀԿ–ի ընձեռած հնարավորություններից օգտվեցին նաև գյուղի բնակիչները, դպրոցում դասավանդող ուսուցիչները, ինչպես նաև դպիր Գևորգը, որը ծառայության էր գործուղված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից:
Ճամբարի ղեկավարությունը, մանկավարժները և հատկապես երեխաները շնորհակալություն են հայտնում ԿՏԱԿ–ի և «Հարմոնիա» հիմնադրամի ղեկավարներին ՇԻՀԿ–ի այցելության և կազմակերպած հետաքրքիր դասընթացի համար։
Անուշ Մանուկյան
Ճամբարի ավագ մանկավարժ








