Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում կար երկու հարց.
- Աշխատանքի վայրում Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) գործունեության ուսումնասիրություն։
- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի երկրորդ եռամսյակի հաշվետվություն։
Նիստն իր ձևաչափով տարբերվում էր խորհրդի պարբերաբար՝ երկու ամիսը մեկ անգամ կազմակերպվող նիստերից։ Արտագնա և ընդլայնված նիստն անցկացվեց Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի դպրոցում, որտեղ ՇԻՀԿ-ը հուլիսի 20-ից կազմակերպում է դասընթացներ տեղի և հարևան համայնքների դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար։
Դպրոցի տնօրինությունը և աշակերտները սրտաբաց դիմավորեցին Երևանից ժամանած հյուրերին։ Խորհրդի անդամները մինչև նիստը ծանոթացան ՇԻՀԿ-ի աշխատանքին, մասնակցեցին ուսուցիչների խմբի պարապմունքին, զրուցեցին ՇԻՀԿ-ի դասընթացներին մասնակցող աշակերտների հետ։
ԿՏԱԿ-ի խորհրդի նիստի օրակարգի հարցերը քննարկելուց և որոշումներ կայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության փոխնախարար, ԿՏԱԿ-ի խորհրդի նախագահ Մանուկ Մկրտչյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանը, փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը, ԿՏԱԿ-ի խորհրդի անդամները, «Հարմոնիա» հիմնադրամի տնօրեն Մուրադ Մուրադյանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Հակոբ Թիզյանը պատասխանեցին Դպրաբակի և հարևան գյուղերի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին հուզող հարցերին, մասնակցեցին ծավալված հետաքրքիր քննարկումներին։ Մասնակիցները կարևորեցին նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը հեռավոր գյուղական համայնքների դպրոցների վարչական և ուսուցչական աշխատակազմերի հետ։
Ընդլայնված նիստի և հանդիպման ավարտից հետո խորհրդի անդամները ներկա գտնվեցին ՇԻՀԿ-ի հաջորդ՝ աշակերտների խմբի պարապմունքին։
Սեփ.լր.








